Շնագայլերից պրծում չկա

Spread the love
Շնագայլերից պրծում չկա

Շնագայլերին Կապանում կրկին տասնօրյա փորձություն է սպասում։ Թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներն այս անգամ մարտի 12-ից են մեկնարկում։ Կապանի քաղաքապետարանը և Կոմունալ ծառայությունը զգուշացնում են, երեկոյան ժամը 23-ից հետո հնարավորինս չմնալ փողոցներում։ Այդ ժամից սկսած որսորդներն են դիմավորելու շնագայլերին։

«Գումար է նախատեսված և պլանային ժամանակացույցով, ամիսը մեկ անգամ, որոշակի օրերի քանակով բաշխվում է և ըստ հանձնարարականի մասնագետը սկսում է վնասազերծման աշխատանքները։ Այս տարվա ընթացքում հունվար-փետրվար ամիսներին թվով 17 շնագայլ է վնասազերծվել»,-ասում է Կապանի կոմունալ ծառայության պետի պաշտոնակատար Գարիկ Յավրումյանը։

Աշխատանքները շարունակական են, բայց սոված ու կատաղած շնագայլերից և նրանց գիշերային երգեցիկ վայնասունից պրծում չկա։ Գուցե իրենք էլ են զգում վտանգն ու վնասազերծման օրերին շատ չեն մոտենում շենքերին։ Հետո կրկին ակտիվանում են։

«Չնայած նրան, որ անընդհատ աշխատանք ենք տանում,քանակային առումով, բնակիչների կողմից էլի բողոքներ են լինում հիմնականում Հալիձոր, Շինարարներ թաղամասերից»։

Իսկ փողոցային շներին սպանելու իրավունք չկա։ Թեև անտուն են, բայց ընտանի են համարվում։

Մարգարիտա Մանուկյան
Նկարը՝ blogs.privet.ru-ից