«Մեկ օր լավ զգալու համար հասնում եմ Կապանի բժշկական կենտրոն»
Գոնե մեկ օր լավ զգալու ու կյանքը երկարացնելու համար Արմիդա Ղուկասյանը շաբաթական 3 անգամ Գորիսից հասնում է Կապանի ԲԿ։ Հեմոդիալիզի բաժանմունքում 4 ժամ շարունակ անհրաժեշտ բուժումը ստանալուց հետո կրկին վերադառնում է տուն։ Ու այդպես 4 տարի շարունակ։
Երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդներին հեմոդիալիզի օդ ու ջրի պես անհրաժեշտ է ։ « Եթե նախկինում մի կերպ միջոցներ էի հայթայթում , հասնում մայրաքաղաք , 2 ամիս շարունակ գիշերում հիվանդանոցում ու վերադառնում , ապա այսօր գալիս ու նույն օրը տուն եմ հասնում»,- ասում է Արմիդա Ղուկասյանը։
Իսկ Բաղաբերդ թաղամասի բնակիչ Սասուն Անտոնյանը հիվանդանոցից դուրս գալուց հետո լավ ինքնազգացողությունը ունենում է մինչև իրենց շենքի բակը։ չաշխատող վերելակը ժամեր շարունակ ստացած բուժումը նույն պահին ջուրն է գցում։ 8 հարկ ստիպված է լինում ոտքով բարձրանալ։
Բաժանմունքը Կապանի բժշկական կենտրոնում գործում է 2007 թ-ի նոյեմբերից։ Բժշկուհի Ռիտա Մկրտչյանը, համեմատելով տարեթվերը, նշում է. ոչ միայն հիվանդների թիվն է շատացել, այլև հիվանդությունն է երիտասարդացել։
Ի դեպ հիվանդները դիալիզը ստանում են պետպատվերի շրջանակներում՝ անվճար։ Իսկ առհասարակ 1 անգամվա գինը 18100դ. ։ Ամսվա ընթացքում հիվանդը այն ստանում է 13 անգամ։
Հերմինե Միքայելյան