Հունվարի 1-ից ավելացել է կենսաթոշակների չափը, ուժի մեջ մտել պարտադիր կենսաթոշակային համակարգը

Spread the love
Հունվարի 1-ից ավելացել է կենսաթոշակների չափը, ուժի մեջ մտել պարտադիր կենսաթոշակային համակարգը

Երևի թե արդեն բոլոր կենսաթոշակառուներն են նկատել, որ 2014թ հունվարից տրամադրվող կենսաթոշակի չափը ավելացել է։ Կենսաթոշակները ՀՀ-ում միջին հաշվով բարձրացել են 15 տոկոսով,- նշում է սոցիալական ապահովության պետական ծառայության Կապանի տարածքային բաժնի պետը և պարզաբանում, թե ինչպես է հաշվարկվել կենսաթոշակի ավելացումը։

«Հիմնական կենսաթոշակի չափը կազմում է 14 հազար դրամ, 13 հազարի փոխարեն, ապահովագրական մեկ տարվա արժեքը մինչև 10 տարի աշխատանքային ստաժ ունեցողների համար կազմում է 700 դրամ, 10 տարուց ավել ունեցողների համար՝ 450 դրամ։ Մեկ տարուց մինչև 10 տարին բազմապատկվում է 0,1 գործակցով և այնուհետև 700 դրամով և գումարվում է հիմնական կենսաթոշակի չափը՝ 14 հազ. դրամ։ 10 տարուց մինչև 40 տարին՝ 10 տարուց ինչքան ստաժը ավելանում է բազմապատկվում է 0,01 տոկոսով, գումարվում է 7000 դրամը՝ 10 տարվա արժեքը, այնուհետև նորից բազմապատկվում է կենսաթոշակառուի գործակցով։ 41 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցողների դեպքում ավելացված մասը բազմապատկվում է 0.02-ով և գումարվում 1,3 գործակիցը, այնուհետև գումարվում է 7000 դրամը, բազմապատկվում այդ գործակցով և գումարվում հիմանկան կեմսաթոշակի չափը»,- նշում է սոցիալական ապահովության պետական ծառայության Կապանի տարածքային բաժնի պետ Արմեն Բեգլարյանը։

Այս թվերից գլուխ չհանելու դեպքում բաժնի պետը խորհուրդ է տալիս ներկայանալ տարածքային բաժին, որտեղ կբարզաբանվեն քաղաքացիներին հուզող հարցերը։ Նշենք նաև, որ բոլորի աշխատանքային ստաժի տվյալները գրանցված են տարածքային բաժնում, ինչի հիման վրա էլ ավտոմատ կերպով կատարվում է բարձրացումը։

Մինչ կենսաթոշակառուների գրպանի պարունակութրունը փոքր-ինչ ավելացավ, 1974 թվականից հետո ծնված ՀՀ աշխատող քաղաքացիները այս ամսվանից կզգան դրամապանակի պարունակության կրճատում։ Արդեն ուժի մեջ է մտել պարտադիր կենսաթոշակային համակարգը։
Մասնակիցները պետք է կամավոր կերպով ընտրեն իրենց կենսաթոշակային ֆոնդերը։ Եթե մասնակիցը կամավոր կերպով չընտրի, համակարգը ավտոմատ կերպով նրանց փոխարեն կընտրի ֆոնդ։ Ընտրած ֆոնդը մասնակիցի համար վերջնական է լինելու։ Մինչև կենսաթոշակին անցնելը այդ գումարները կփոխանցվեն համապատասխան ընտրած ֆոնդին։

Մինչև 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում, եթե քաղաքացուց պահվում է 24,4 տոկոս, 120 հազարից ավելին լինելու դեպքում 26 տոկոս եկամտահարկ, ապա այժմ դրան կգումարվի նաև 5 տոկոսը։

Նշենք, որ որշ հիվանդությունների դեպքում գումարը քաղաքացին կկարողանա ստանալ նախքան կենսաթոշակային տարիքի հասնելը։ Իսկ որոշ հանգամանքների դեպքում, եթե քաղաքացին կուտակային համակարգի կուտակված գումարները չկարողանա ստանալ՝ այն կտրվի ժառանգներին։

Լիլիթ Գևորգյան