Քաչալ շան ու գող փիսոյի կռիվը այս անգամ դիվան բաշուն չհասավ

Spread the love
Քաչալ շան ու գող փիսոյի կռիվը այս անգամ դիվան բաշուն չհասավ

Մեկ դարից ավել է ինչ մեծն Հովհ. Թումանյանը գրել է «Շունն ու կատուն»։ Սակայն այն չի կորցրել իր արդիականությունը և մնում է հայ մանուկների սիրելի ստեղծագործություններից մեկը։ Թե ինչպիսի ընթացք և ավարտ ունի, գրեթե բոլորս գիտենք։ Բայց արի ու տես, որ ժամանկների փոխվելուն զուգահեռ փոխվում են նաև մեկնաբանությունները։

Կապանցի հանդիսատեսը այս անգամ առիթ ունեցավ դիտելու բոլորովին այլ հանգուցալուծումներով ներկայացում։ Ստեղծագործության գլխավոր հերոսներ՝ Քեռի-քուչիի և Ուստա փիսոյի հետ իրենց խաղով ներկայացան նաև արտասահմանյան և հայկական հին ու նոր ժամանկների սիրված մուլտֆիլմերի հերոսները։ Իր գդակի համար Քեռի-քուչին հասավ Ամերիկա և Ռուսաստան։ Ի վերջո գող փիսոն քաչալ շանը վերադարձրեց 127 տարի շարունակ ցրցամ տված ու նոր կարած գդակը։

Ներկայացման գլխավոր իմաստներից է նաև այն, որ չնայծ Քեռի-քուչին լինում է տարբեր երկրներում, բայց միևնույն է իր տեսակով և հոգով շարունակում է հայ մնալ,- նշում է ծրագրի ղեկավար Վարդան Գրիգորյանը։

Փոքրիկները անթարթ հայացքով զննում էին հերոսներին, մայրիկների հուշմամբ կռահում, թե որ մուլտֆիլմից են և բարձր ծիծաղով ու հիցմունքով դիտում ներկայացումը։ Հատկանշական է այն, որ իրենց խաղով մանուկներին ուրախություն պատճառեցին երիտասարդ դերասանները, ովքեր չնայած արդեն դուրս են եկել մանկական տարիքից, բայց հոգով շարունակում են երեխա մնալ ու մարմնավորել սիրված հերոսներին։

Այն որ փոքրիկներին դուր եկավ դերասանների խաղը, ակնհայտ էր։ Ներկայացման ավարտից հետո նրանք շտապում էին մոտիկից տեսնել մուլտհերոսներին ու նկարվել նրանց հետ։

Չնայած փոքրիկ հանդիսատեսները ծափողջույններով և աղաղակներով ապահովում էին ջերմ մթնոլորտ, սակայն նրանց ուրախությանը խանգարում, իսկ մայրիկներին վրդոհմունք էր պատճառում Մշակույթի կենտրոնի մեծ դահլիճի սառնությունը։ Ծնողները դահլիճի տնօրինությանը խնդրում, միևնույն ժամանակ պահանջում են. «ներկայացում ցուցադրելուց առաջ հաշվի առնել հանդիսատեսի տարիքը և դահլիճում ապահովել քիչ թե շատ տանելի պայմաններ»։

Լիլիթ Գևորգյան