Թմբկահարի Armenia վերնաշապիկի և Յանիի պանդայի մասին

«Ամենամեծ զգացմունքը, որ ինձ վրա ազդեցություն է ունեցել ամբողջ կյանքի ընթացքում, սերն է», — ասում է աշխարահռչակ երաժիշտ Յանին ապրիլի 20-ին կայացած իր համերգի ժամանակ:
Համերգի սկսկվելու առաջին իսկ պահերից հանդիսատերը բուռն ողջունեց թե Յանիին, թե նրա երաժշտական խմբին: Դահլիճի բուռն արձագանքը շարունակվում էր ամբողջ երեկոյի ընթացքում: Համերգի ընթացքում անհատապես իրենց վարպետությունը ցույց տվեցին նվագախմբի գրեթե բոլոր երաժիշտները:
Սակայն ծափահարությունները կրկնապատկվում էին հատկապես այն ժամանակ, երբ ելույթ էր ունենում հայ ջութակահար Սամվել Երվինյանը:
Ինչպես և մինչ այդ խոստացել էր Յանին` հայ ջութակահարը անակնկալ էր պատրասել հայ հանդիսատեսի համար: Համերգի ընթացքում նվագախմբի մյուս անդամների նվագակացությամբ նա նվագեց «Շալախոն», որը մեծ աշխուժություն առաջացրեց դահլիճում:
Սակայն հայ հանդիսատեսին մատուցվեց երկրորդ անականկալը, երբ համերգի կեսին բեմ բարձրացավ թմբկահարը: Նա հագել էր սպիտակ վերնաշապիկ, որի ձախ կողմում պատկերված էր հայկական գերբը, իսկ հետևը գրված էր Armenia:
Ելույթներից հետո Յանին պարբերաբար դադար էր առնում և իր խոհերով կամ հիշողություններով կիսվում հանդիսատեսի հետ: Երաժշիտը խոստովանում է, որ իրեն դուրէ գալիս ստեղծել երաժշտություն, որը դրական էմոցիաներ է փոխանցում:
«Բացասական էմոցիաները վնասում են ձեզ ներսից», — ասում է երաժիշտը:
Յանին համերգի ընթացքում հիշեց իր ծանոթ տիեզերագնացի խոսքերը: Վերջինս պատմում էր, որ տիեզերքից երկրին նայելիս անհնար է որոշել պետությունների սահմանները. քարտեզի վրայի գծերն այնտեղից չեն երևում:
«Ես երազում եմ, որ գա մի օր, երբ աշխարհի վրայից վերանան այդ գծերը», — ասում է երաժիշտը:
Նրա խոսքերով` երաժշտությամբ զբաղվելը տալիս է առավելություն և հնարավորություն ճամփորդել տարբեր երկրներով: Իսկ դրա միջոցով ծանոթանալով այդ երկրների մշակույթներին և սովորել դրանից: Նա հիշում է, որ տարիներ առաջ, երբ այցել էին Չինաստան, նրան պատիվ ընձեռվեց որդեգրել պանդա: Դա այն դեպքում, երբ չինացիները սովորաբար նման իրավունք վերապահում են պետությունների ներկայացուցիչներին, ոչ թե առանձին անհատների:
Յանին խոստովանում է, որ դա իր համար շատ հուզիչ էր: Այնուհետև իրեն հնարավորություն է տրվում ընտրել նաև պանդայի սեռն ու տարիքը:
«Բնականաբար ես ընտրեցի իգական սեռի պանդայի», — ծիծաղելով ասում է երաժիշտը:
Իր պանդայի անունը նա դնում է Սանտորինի, որը կազմված է հունարեն սուրբ և խաղաղություն բառերից: Բացի այդ` հունական կղզիներից մեկի անունն է:
«Այդպիսով, մեր ընտանիքում ավելացավ մեկ գեղեցիկ պանդա», — ծիծաղելով ասում է Յանին:
Երբ հնչում է «Nightingale» (սոխակ) կատարումը, Յանին նշում է, որ այս գործը գրելիս իր համար ներշնչանք է հանդիսացել ամենագեղցիկ ձայնն ունեցող թռչունը:
Մինչ ծափահարությունները շարունակվում էին` Յանին խոստովանում է, որ նման ջերմ վերաբերմունքից հետո իր համար դժվար է հանգստանալ:
«Դուք անչափ մեծ սեր ու ուժ տվեցիք ինձ ամբողջ երեկոյի ընթացքում», — ասում է նա:
Այդ ժամանակ դահլիճից նրա երկրպագուհիներից մեկը բարձր գոռաց.
«I love you»
«I love you too», — ժպտալով բեմից պատասխանեց Յանին:
Համերգի վերջում հնչեց Յանիի ամենահայտնի կատարումներից մեկը` «One man’s dream», որը երաժիշտը նվիրեց բոլոր ներկաներին: Բացի այդ` նա խոստացավ վերադառնալ նաև հաջորդ տարիներին:
Մերի Մամյան