Քաջարանի բնակիչները հաստատակամ են. Չեն պատրաստվում լքել համայնքը

Spread the love

Սյունիքի մարզի Քաջարան համայնքում քաղաքացիները շարունակում են բնականոն կերպով ապրել։ Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից հետո համայնքում կտրուկ փոփոխություններ չեն եղել, բնակիչները մտադիր չեն հեռանալ հայրենի բնակավայրից, տրամադրված են հաստատակամ։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ասաց, որ համայնքի առաջ ծառացած խնդիրները փորձում են իրենց ուժերով լուծել և առաջ շարժվել։

Հարցին՝ արդյոք բնակիչները համայնքը լքելու մտադրություն ունեն, Մանվել Փարամազյանը նկատեց՝ Քաջարանն այն համայնքն է, որտեղ արտագաղթ չկա, հակառակը՝ այստեղ ներգաղթ է անգամ պատերազմից հետո. «Կարող է 1-2 դեպք է եղել, որ մարդիկ տունը վաճառել ու գնացել են, բայց դա պայմանավորված չէ պատերազմական այս իրավիճակով»,-նշեց համայնքապետը։

Վերջինս ընդգծեց՝ Քաջարանը խոշոր արդյունաբերական քաղաք է, բնակիչների մեծ մասն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում. «Որպես արդյունաբերական քաղաք Քաջարանը տնտեսական խնդիրներ չունի։ Այն ինչ կախված է սոցիալ-տնտեսական իրավիճակից, մեզ մոտ փառք Աստծո ամեն ինչ նորմալ է։ Վարձատրության չափը մեզ մոտ նորմալ է, և մարդիկ կարողանում են հոգալ իրենց խնդիրները։ Անվտանգության տեսակետից լավ գիտեք՝ Սյունիքում ինչ վիճակ է։ Ո՞վ կարող է մեր վաղվա անվտանգության համար երաշխիք տա, ոչ մեկ»,-նշեց Քաջարանի համայնքապետը։

Հարցին՝ հնարավո՞ր է Սյունիքում անվտանգային խնդիրները խորանան, Մանվել Փարամազյանը նկատեց՝ չեն կարող չմտահոգվել, երբ թուրքն իրենց աչքի առջև է դիրքավորված. «Իրենց մոտ օր օրի մարդկային ռեսուրսն ավելանում է։ Քաջարանը 8 կմ գծով սահմանակից է Նախիջևանի հետ։ Այսօր ամենակարևորը Կապանի խնդիրն է, որ թուրքն այնտեղ չմնա»,-ասաց Մանվել Փարամազյանը։

Աղբյուր` Փաստինֆո