Այս իշխանություններն արդեն իրենց սպառել են եւ ձախողվել բոլոր ասպարեզներում. Կապանի քաղաքապետ

Spread the love

Պատերազմական օրերին եւ հետպատերազմական այս շրջանում, թե ի՞նչ իրավիճակ է Սյունիքում, ինչպիսի՞ խնդիներ կան եւ որո՞նք են դրանք հաղթահարելու սյունյաց բաղադրատոմսը: «Իրավունքը» հարցերի պատասխանը ստացել է Կապան քաղաքի քաղաքապետ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻՑ: Նա մեզ հետ զրույցում նախ ասաց, որ պատերազմի ամբողջ ընթացքում սյունեցիները տարբեր հատվածներում ներգրավված են եղել Հայրենիքի պաշտպանությանը.

– Ընթացան լուրջ մարտեր, ունեցանք բազմաթիվ զոհեր, վիրավորներ… Իրականում շատ ծանր օրեր էին, բայց սյունեցիները, իրենց ոգուն համահունչ, կարողացան դիմագրավել այդ արհավիրքին եւ մնացին կանգուն` իրենց ամուր ոտքերի վրա: Իհարկե, լուրջ եւ ծանր հետեւանքներ ունենք` պատերազմական գործողություններից հետո: Թշնամին գտնվում է մեր սահմաններին շատ մոտ, ունենք ճանապարհային հատվածներ, որոնք, կարելի է ասել, անցել են իրենց վերահսկողության ներքո: Մենք հիմա այդ ճանապարհահատվածներն օգտագործում ենք, այսպես ասած, տրանզիտային հնարավորությամբ: Այնպես որ, այսօր էլ խնդիր ենք տեսնում անվտանգության ոլորտում:

– Պարոն Փարսյան, Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում հաճախ է խոսում Զանգեզուրն էլ գրավելու մասին: Ըստ Ձեզ, հայաստանյան այս իշխանության օրոք կարո՞ղ է Ալիեւի այս երազանքն էլ իրականանա:

– Ալիեւի հայտարարությունները մտահոգիչ են, բայց կարծում եմ` նա ավելի շատ մեր վրա ուզում է հոգեբանական ճնշում գործադրել` նպատակադրվելով հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը: Ինչ վերաբերում է հայաստանյան այս իշխանությանը, ապա կարող եմ ասել, որ իրենց կողմից ես կոնկրետ որեւիցե դրական քայլ չեմ տեսնում եւ չեմ էլ ակնկալում: Նրանց օրոք հնարավոր են զարգացումներ` միայն բացասական առումով, որովհետեւ, ինչպես նախկինում եմ ասել, այս իշխանությունները արդեն իրենց սպառել են եւ ձախողել բոլոր ասպարեզներում: Սրանից վատ սցենար ու վատ իրավիճակ մեզ համար պարզապես չէր էլ կարող լինել:

– Այսօր կապանցիները, բացի անվտանգայինից, ի՞նչ խնդիրներ ունեն, որոնք առաջնահերթ լուծման կարիք են զգում:

– Տարբեր ոլորտներում խնդիրներ առաջացել են` սկսած գյուղատնտեսությունից, ավարտած անվտանգությունով: Մենք այդ խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել ենք, նույնիսկ ներկայացրել ենք լուծման տարբերակներն ու ճանապարհները: Ցավոք, մինչ այսօր ոչինչ չի արվել, ու նույնիսկ դրա նախադրյալներն էլ չենք նկատում, որ գոնե փորձում են անել: Այսօր բազմաթիվ վնասներ ունենք թե՛ գյուղատնտեսության ոլորտում, թե՛ առհասարակ՝ տնտեսության:

– Կա՞ն սյունեցիներ, որոնք հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լքել են իրենց տներն ու հեռացել:

– Այո, ունենք հեռացողներ ե՛ւ Կապան քաղաքից, ե՛ւ գյուղական համայնքներից: Ցավոք, սա իրականություն է եւ ունենք նման իրավիճակ:

– Դուք նշեցիք բազմաթիվ խնդիրների մասին, բայց անգամ այս իրավիճակում մի շարք կապանցիներ մեզ հետ զրույցում պնդում էին, որ Դուք լավագույն քաղաքապետն եք: Ինչպե՞ս է հաջողվել այսպիսի սեր ու հարգանքի արժանանալ կապանցիների կողմից:

– Այս հարցը պետք է ուղղել մեր բնակչությանը: Ես միշտ առաջնորդվել եմ այն նշանաբանով, որն ունեցել եմ հենց նախընտրական շրջանում եւ այսօր էլ այն նույնն է` կառուցենք, նորոգենք, շենացնենք: Շարունակում եմ աշխատել նույն ոգով եւ տրամադրվածությամբ, ու հանուն Կապանի կգնամ մինչեւ վերջ:

– Ի՞նչ է Ձեզ համար Հայրենքը:

– Սրբություն է…Հիշում եմ` դպրոցում մեզ Հայրենիքի հանդեպ սեր էին քարոզում մեր ուսուցիչները եւ ասում էին, որ Հայրենիքը մոր պես հավասարազոր սրբություն է: Սա ես պատահական չեմ ասում, այլ, որպեսզի մեր պետական այրերը սա լսեն, որդեգրեն եւ բոլոր կրթական համալիրներում մեր երեխաներին քարոզեն այս նույն գաղափարախոսությունը, որ այո՛, Հայրենիքը սրբություն է, այն բարձրագույն արժեք է եւ ծնողի պես հարգելի ու սիրելի է:

– Ի՞նչը չեք ների երբեք:

– Չեմ ների դավաճանությունը: Սա ամենաարատավոր երեւույթն է, որը կարող է լինել տղամարդու կյանքում: 

– Ի՞նչ է Ձեզ համար ընկերությունը:

– Ընկերությունը շատ լուրջ եւ բարձրագույն արժեք է` ինչպես իմ, այնպես էլ, կարծում եմ, ցանկացած հայ տղամարդու համար:

– Ի՞նչ խորհուրդ եք ստացել Ձեր ծնողներից, որով առաջնորդվում եք մինչեւ այսօր:

– Բնականաբար, ծնողներիս կողմից շատ են եղել խորհուրդները եւ լավագույն դաստիարակությունը ստացել եմ ընտանիքում: Բայց հատկապես ինձ մոտ շատ լուրջ տպավորվել է հորս խրատը, որ ինչքան կարող ես լավություն արա մարդկանց: 

– Որպես վերջաբան` ի՞նչ կցանկանայիք ասել այս պահին կապանցիներին եւ մեր բոլոր հայրենակիցներին:

– Ոչ մի դեպքում չհուսահատվել եւ ամուր մնալ: Թեպետ հիմա մենք ծանր ժամանակահատվածում ենք, բայց սա էլ կհաղթահարենք: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Սյունիք-Երեւան

https://iravunk.com/?p=200788&l=am%2F&fbclid=IwAR2ivcVhjMpusm6HJx1gMXITpQ1QD2_2tcQfyHi2dhSCzj8SkUtVYDRpD5o