ԿԱՅԱՑԱՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Spread the love

Երկար դադարից հետո Կապան համայնքում մարզական կյանքը կրկին աշխուժացել է։ Ապրիլի 12-13–ը Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում կայացած գեղարվեստական մարմնամարզության առաջնությունը դրա վկայությունն է։ Մրցաշարին մասնակցում էին մարզադպրոցի 50 գեղանի մարզուհիները։ Մրցումները անցկացվել են III, II, I կարգայինների և սպորտի վարպետի թեկնածուի ծրագրերով։ Երկօրյա թեժ պայքարի արդյունքում հաղթողներ են ճանաչվել III կարգայիններում՝ Նոննա Հայրապետյանը, II կարգայիններում՝ Եվա Միքայելյանը, I կարգայիններում՝ Ինեսա Ադամյանը, իսկ սպորտի վարպետի թեկնածուի ծրագրով՝ Նարե Վարդանյանը։ Անխտիր բոլոր մասնակիցները ստացել են հավասարաչափ նվերներ, իսկ մրցանակակիրները նաև պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով և հավաստագրերով։ Մրցման հաղթողները արժանացել են նաև Կապանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Մարատ Մալոդյանի կողմից գավաթների և պատվոգրերի։Կապանի համայնքապետարանի աջակցությամբ անցկացված այս առաջնության նպատակը համայնքում մարզական կյանքն էլ առավել ակտիվացնելն ու ինչու չէ նաև շնորհալի և տաղանդավոր մարզուհիներին բացահայտելն էր։Նշենք, որ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գործադիր տնօրեն, 1977 թվականի Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիրներից Գառնիկ Սարոյանը, ով նույնպես ներկա էր առաջնությանը, մրցումներից առաջ մարզիչների համար կազմակերպել էր վարպետության դասընթացներ։