ԱՐՑԱԽՑԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԸ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴԱՎԻԹ ԲԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Spread the love

Կապանի համայնքապետարանը «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ֆինանսական օժանդակությամբ շարունակում է կյանքի կոչել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված և Կապան քաղաքում մշտական բնակություն հաստատած անապահով ընտանիքներին սահմանամերձ գյուղերում բնակելի տներով ապահովելու ծրագիրը։ Օրերս ևս մեկ ընտանիք ունեցավ իր տանիքը սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղում։ Քաշաթաղի շրջանի Փակահան գյուղից տեղահանված Այվազյանների ընտանիքը երկրորդն է՝ այս ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկվածներից։Համայնքապետարանը տեղահանվածներին կացարաններով ապահովելուն զուգահեռ փորձում է նաև տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով տնտեսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն ունենա վաստակել ընտանիքի խնամքի համար բավարար միջոցներ։ Այս անգամ ևս «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի կողմից ընտանիքին տրամադրվեց 3 խոշոր եղջերավոր կենդանի։Հուսով ենք, առաջնային խնդիրների լուծումը կօգնի ընտանիքներին առավել արդյունավետ հարմարվել նոր միջավայրին և ավելի լավ կենսապայմաններ ստեղծել՝ հնարավորինս շուտ բնականոն կյանք վերադառնալու համար