Շատ կուզեի, որ իշխանությունները հերքեին Մեղրիի միջանցքի լուրը կամ գոնե ներկայացնեին ճանապարհային քարտեզը. Մեղրիի համայնքապետ

Spread the love

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ երեկ գերիների փոխարեն Երևան է եկել թուրք-ադրբեջանական պատվիրակությունը՝ Մեղրիի միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների համար։

ArmDaily.am-ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ասաց, լրագրողներն ու քաղաքագետները կարող են ենթադրություններ անել, սակայն ինքն այդ մասով որևէ փաստացի տեղեկությունների չի տիրապետում։

«Բայց ինչ վատ բան կա՝ սպասում ենք, ամեն ինչ էլ հնարավոր է։ Ես շատ կուզեի, որ հերքեին մեր այս մտավախությունները, հստակություն մտցնեն։ Գործող իշխանությունը՝ լավ, վատ, ունենք իշխանություն, կառավարություն, որոնք ի պաշտոնե պարտավոր են գոնե պաշտոնապես հերքեն կամ պետք էլ չի հերքեն՝ թող ներկայացնեն այդ ճանապարհային քարտեզը, որպեսզի վակուում չմնա և այդ վակուումը չլցվի տարատեսակ ենթադրություններով։ Շատ կուզեի, որ այդպես լիներ՝ մենք էլ ամաչեինք, որ այս լավ կառավարության մասին այդպիսի վատ ենթադրություններ ենք անում»,-ասաց Զաքարյանը։

Մեղրիի համայնքապետը նշում է, որ քննարկումներ են գնում Սյունիքի անվտանգության կամ Մեղրիի միջանցքի վերաբերյալ, կարծես դա վերաբերում է միայն Սյունիքի ու Մեղրիի ազգաբնակչությանը, այնինչ դա Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրն է։

«Սյունիքի ու Մեղրիի միջանցքի հարցը համահայկական հարց է, գլոբալ, աշխարհաքաղաքական հարց է, և ոչ մի օրվա իշխանություն, պատահական աթոռին հայտնված մարդ իրավունք չունի այդպիսի հարցն ինքնագլուխ, ինքնուրույն այդ հարցը որոշի»,-ասաց Մխիթար Զաքարյանը։

Մեղրիի քաղաքապետը նշում է, որ անթույլատրելի է, որ պատահական մեկը հայտնվի աթոռին ու հազար տարի մեր հայրենիքի մաս հանդիսացող այս տարածքը նվեր տա թշնամուն։ Ինչ վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, տրանզիտային հնարավորություններից օգտվել և թույլ տալ, որ հարևանները օգտվեն, թեկուզ վատ հարևանները՝ Զաքարյանը կարծում է, որ դա այլ հարթության հարց է։

«Դա կարելի է քննարկել՝ դա քննարկման թեմա է, քննարկումների արդյունքում ինչու չէ հնարավոր է, բայց քննարկել մի տեսակետ, որը կարող է մեր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով՝ տեսեք չեմ ասում Մեղրիի տարածքով, համընկել է մեր համայնքի հետ, բայց դա Հայաստանի Հանրապետության տարածք է, առանց մեր պետության ընթացակարգերը պահելու, իրանց ուզածով, ոնց որ իրենց հոր տուն են եկել՝ գան, գնա՞ն։ Սա մեր անկախության վերջն է, դա միայն Մեղրիի կամ ճանապարհի հարցը չի՝ դա մեր սուվերենության, անկախության հարցն է»,-ասաց Զաքարյան։

Մեղրիի համայնքապետը նկատում է, որ եթե ադրբեջանցիներին առանց տուրքերի ու մաքսային հարկերի են թույլատրելու այդ ճանապարհից, ապա Իրանի քաղաքացիներից ինչու են այդ դեպքում գանձում այդ հարկերը։

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք Մեղրի համայնք կամ Սյունիք պատվիրակություն գնացել է, Զաքարյանն ասաց, որ նման տեղեկատվություն չունի, եթե որևէ պատվիրակություն այցելեր մարզ, ապա ինքն այդ մասին կիմանար։

https://armdaily.am/?p=133094&l=am&fbclid=IwAR1AHPXpBcfcoYij9J_jTOGWcNGYDenQLgWPMX5iaoxfzRq_6jJhaeENSsc