Հանրային լսումը տապալվեց

Spread the love

Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնն ու մի խումբ ակտիվ քաղաքացիներ տապալեցին «Արարատ ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության փուլային երրորդ հանրային քննարկումը։ Դա պիտի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը վերաբերեր։ Երիտասարդները փակել էին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճի մուտքը։
Հիշեցնենք, որ Կապանի օդանավակայանի հարևանությամբ նախատեսվում է ցեմենտի աղացման արտադրամաս կառուցել։ տարեկան արտադրողականությունը լինելու է մինչև 186 հազար տոննա: 64 աշխատեղ՝ 32ը բանվորական, նույնքան էլ վարչական հատվածի համար։ արտանետման աղբյուրներում տեղադրվելիք փոշեմաքրման սարքավորումները, որոնց ՕԳԳ-ն կազմելու է 95 տոկոս քաղաքացիներին չեն հուսադրում։
Ընկերության իրավաբանի խոսքով, քննարկման եկել էին առաջարկներ ու դժգոհություններ լսելու համար, բայց դեռևս ոչ մի հիմնավոր դիտողություն չեն ստացել։

Աղմուկ, դժգոհություն, թե առողջ միջավայրում ապրելու իրավունքի կռիվ, մեկնաբանությունները տարբեր են։ Իսկ պայքարողները հաստատակամ՝ չեն ուզում շնչել Սյունիք համայնքում կառուցվելիք արտադրամասի բաց թողած փոշին ։ Հանրային սեկտորի բացակայությամբ նիստը սկսելու և վարելու փորձը ևս ձախողվեց։
Համայնքապետարանը արտադրամասըում շինարական աշխատանքների թույլտվության բացակայության պատճառով 600,000 դրամի չափով տուգանել էր ընկերությանը, սակայն ակտիվիստները վստահ են, որ նման գումարը արգելակ չէ և որ տվյալ տարածքում շարունակվում են ապօրինի աշխատանքները։ Եթե այդպես չէ, թույլ տվեք այցելենք կամ նկարահանող խումբ մտնի՝ առաջարկեցին արտադրամասի ներկայացուցիչներին։ Առաջարկը մերժվեց։ Քննարկումը համարվեց տապալված։