Կոյուղաջրերի գարշահոտությունից պրծում չկա

Spread the love
Կոյուղաջրերի  գարշահոտությունից պրծում  չկա

Տեղումներից հետո հատկապես Կապանի մի շարք թաղամասերում սկսվում են կոյուղիները փակվել ու փողոցները լցվել աղբով ու գարշահոտությամբ։ Երրորդ օրն է արդեն Հունան Ավետիսյան թաղամասի բնակիչները ստեղծված դրությունից չգիտեն՝ ուր փախչեն։ Մի կողմից շոգը, մյուս կողմից էլ հակասանիտարական վիճակը թաղամասում։ Կոյուղու շահագործման ծառայության աշխատակիցները այսօր առավոտից նախ թունելի մոտակայքում գնտվող խցանված խողովակներն էին բացում։
Բաբկեն Ստեփանյանի խոսքով մշտապես խնդիրը կա ու կլինի։ Խողովակներով համապատասխան քանակությամբ ջուր չի հոսում ու դրանից էլ ծնվում են հետևանքները։ «Բնակիչը մեղավոր չէ, ջրաչափեր են տեղադրել,ստիպված ջուրը խնայողաբար են օգտագործում, իսկ դա էլ բերում է նրան , որ խողովակներով ջուրը մշտապես չի հոսում ու աղբը մնում է տեղում։ Այստեղից էլ խցանումները», ասում է աշխղեկը։

Կապանում շենքեր կան, որոնց բնակարաններում ժամանակին պետությունը կոյուղի չի տեղադրել։ Հիմա էլ մարդիկ ինքնուրույն կոյուղի են բացել ու կրկին խնդիրների առաջ կանգնել։ Խողովակները ժամանակ առ ժամանակ փակվում են, իսկ թե ով պետք է բացի, անհայտ է։ Աշխեկի խոսքով 40 տարուց ավելի է ոչ մի կոյուղի չի ավելացվել ու նորով չի փոխարինվել։ Վառ ապացույցը Կապանի շինարարների թաղամասն է, պարբերաբար կոյուղին փակված է ու բնակիչներն էլ դժգոհում են։ շենքերի կոյուղաջրերը ընդամենը մեկ խողովակով են հեռացվում։

Հաջորդ փողոցը , որտեղ կոյուղու ծառայության աշխատակիցները այսօր պետք է աշխատեին Հ. Ավետիսյանն էր։ Բնակիչները անհամբեր սպասում էին, թե երբ պետք է վերջ տրվի գարշահոտությանը։

Հերմինե Միքայելյան