«Անուշ» օպերայի նոր բեմադրության ստեղծագործական խմբի պատասխանը մտավորականներին

Spread the love
«Անուշ» օպերայի նոր բեմադրության ստեղծագործական խմբի պատասխանը մտավորականներին

«Անուշ» օպերայի նոր բեմադրության ստեղծագործական խումբը պատասխանել է մտավորականների կողմից Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակին:Պատասխանում մասնավորապես ասվում է.

«Խորին հարգանքով վերաբերվելով նշված նամակի տակ ստորագրած վաստակաշատ և հարգարժան արվեստագետներին՝ չենք կարող անպատասխան թողնել անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ պարունակող, զրպարտություն և ապատեղեկատվություն տարածող այդ գրությունը, որն իր բովանդակությամբ և ձևով հիշեցնում է նախորդ դարի կեսերին բնորոշ գործելաոճ և ոչ միայն հարիր չէ ազգի մտավորականության սերուցքին, այլև կասկածի տակ է դնում երևույթին սթափ աչքերով նայելու նրանց ընդունակությունը: Վերոհիշյալ անձինք ուշադիր չեն կարդացել ներկայացման հայտագիրը, որտեղ հայերեն լեզվով գրված է` «Անուշ» օպերայի նոր բեմականացում՝ Ա. Տիգրանյանի օպերայի հիման վրա, ըստ Հ. Թումանյանի պոեմի: Ինչը չի նշանակում, որ «Անուշ»-ի ադապտացիան և բեմականացումը նախաձեռնած ու իրականացրած արվեստագետների խումբը որևէ կերպ կասկածի տակ է դնում ստեղծագործության բնօրինակի և նախորդ բեմականացումների գեղարվեստական արժեքը. ավելին, նոր մեկնաբանություն տալով գործին՝ նպատակ ունի այն ներկայացնել արդիական, ժամանակակից հարթության վրա՝ ուրույն արտահայտչամիջոցներով և գեղագիտությամբ՝ առանց խախտելու նրա ձևն ու բովանդակությունը, փորձելով, սակայն, հանդես բերել դասականից տարբեր մոտեցում: Դրա իրավունքը սահմանված է ազատ արտահայտման ՀՀ քաղաքացիների հետևյալ սահմանադրական իրավունքով` «Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունն ու գործունեությունը»։

ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդված` «Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու ու հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք»:

Հակառակ նախագծի և դրա հեղինակների «ընդդիմախոսների» պնդումներին՝ որևէ իրավական կամ բարոյական նորմով արգելված չէ դասական ստեղծագործության ադապտացիան, ավանդականից այլ մեկնաբանությունը կամ կատարումը, ուստի նոր «Անուշ»-ը պրոֆեսիոնալ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող և նվաճումների հասած հայ ու ֆրանսիացի արվեստագետների համատեղ ստեղծագործական գործընթացի արդյունք է: Ցանկացած ստեղծագործական աշխատանքի վերջնանպատակն ու առաքելությունը նոր խոսք, նոր հայացք, հեղինակային մոտեցում ներկայացնելն է, հետևաբար առնվազն միամտություն է կարծել, որ հեղինակները պետք է կրկնեին օպերայի նախորդ՝ դասական դարձած բեմականացումը: Հարկ ենք համարում նշել, որ լիբրետոյի ադապտացիայի և բեմականացման հեղինակ Սերժ Ավեդիկյանն ու երաժշտության վերամշակման և գործիքավորման հեղինակ Անահիտ Սիմոնյանը, սթափ գիտակցելով հայ գրականության և երաժշտարվեստի այս գոհարին անդրադառնալու ողջ պատասխանատվությունը, խորապես ուսումնասիրել են «Անուշ»-ի արխիվային նյութերը (լիբրետոյի և պարտիտուրայի բնօրինակները), որոնք պահվում են Ե. Չարենցի անվան Գրականության ու արվեստի թանգարանում և, ի դեպ, մինչ օրս չէին արժանացել որևէ մասնագետի կամ այլ հետաքրքրված անձի ուշադրությանը:

Խնդրում ենք նամակը ստորագրած անձանց վերընթերցել Հ. Թումանյանի «Անուշ» պոեմը և համոզվել, որ նոր բեմադրությունը չի մեղանչում ստեղծագործության բնօրինակի հանդեպ, ու կամովին հրաժարվել մեզ հասցեագրված անհիմն մեղադրանքներից: Մի կողմ թողնելով բանավեճը «Անուշ»-ի այս մեկնաբանության գեղագիտական և գեղարվեստական որակների մասին` որը, սակայն, շատ փոքր մասն է կազմում վերոհիշյալ նամակի՝ ցանկանում ենք հատուկ ընդգծել անընդունելի զրպարտության փորձը, որը վերաբերում է նախագծի ֆինանսական կողմին: Վաստակաշատ մտավորականների կողմից հիշատակվող գումարի չափը (իբր 35 000 եվրո է ծախսվել դեկորի մաս կազմող ապակե կամրջի վրա) որևէ աղերս չունի իրականության հետ և հեշտությամբ կարող է որակվել որպես զրպարտություն՝ ՀՀ օրենսգրքով պատժելի գործողություն: Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել բեմադրության բյուջեն։ Հաշվի առնելով, որ ստալինյան ժամանակներն անցել են և մենք ապրում ենք 21-րդ դարում՝ վերոհիշյալ անձանց կոչ ենք անում այսուհետ զերծ մնալ մամուլում և կյանքում ստեղծագործական անձնակազմի, առավել ևս՝ երիտասարդ խոստումնալի արտիստների նկատմամբ սպառնալիքներից: Բարոյականության քարոզի ու զրպարտանքի խառնուրդ այս գրությունը, որով փորձ է արվում կանխել հայ-ֆրանսիական «Անուշ» նախագծի առաջխաղացումը, ոչ այլ ինչ է, եթե ոչ բռնատիրական մտածելակերպի և գործելաոճի արտահայտություն, որն անընդունելի է ժողովրդավարության ուղին բռնած ժամանակակից երկրի եւ նրա քաղաքացիների համար:

Անկախ այն հանգամանքից, թե «Անուշ»-ի նոր մեկնաբանությունն ինչ գեղարվեստական ու գեղագիտական արժեք է ներկայացնում և ինչ ընդունելություն է գտել լայն հանրության ու մասնագետների շրջանում, անընդունելի է որևէ մտավորականի կողմից (անկախ նրա վաստակից) մշակութային կյանքի այս կամ այն իրադարձությունն արգելելու պահանջագիր ներկայացնելը, ինչը ոչ միայն այլոց իրավունքները սահմանափակելու փորձ է, այլև դրա հեղինակների ներքին անազատության ցցուն վկայություն»:

Հիշեցնենք, որ մի խումբ մտավորականներ նամակ էին հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ քննադատելով «Անուշ» օպերայի նոր բեմականացումը, կոչ էին անում արգելել բեմադրությունը Ֆրանսիայում:

http://vemard.com/