«Հյուսիս-հարավ» ծրագիրը ուժի մեջ է

Spread the love

"Հյուսիս-հարավ" ծրագիրը ուժի մեջ է

Հյուսիս–հարավ ճանապարհի “Սիսիան-Քաջարան 60 կմ-ոց հատվածի շուրջ նախորդ տարի մի քանի անգամ քննարկումներ անցկացվեցին։ Ներդրումային ծրագրի պատասխանատուները հանդիպումների ընթացքում ներկաների ուշադրությունը հրավիրեցին նախագծի վրա. 27 հատ մեծ ու փոքր կամուրջներ, 2-3 տեղ մեծ հանգույցներ, 18 մուտքեր բոլոր բնակավայրերի համար, 104 հատ արհեստական կառուցվածքներ: 60 կմ երկարությամբ, բարձրակարգ որակի, այսինքն՝ առաջին տեխնիկական կարգի, նախատեսված 100կմ ժամ արագության համար, անվտանգության միջազգային նորմերով. սրանք “Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածի պարամետրերն են։ Նախագիծը դեռ վերջնական չէ, թվերը նույնպես,-ընդգծել էին ծրագրի ներկայացուցիչները հանդիպումներից մեկի ժամանակ։

Ներդրումային ծրագրի ժամկետը 2009-19թթ է ։Արդեն պարզ է դառնում ,որ ճանապարհի կառուցումը ձգձգվում է։ Մամուլում նաև տեղեկություններ տարածվեցին ,թե հյուսիս-հարավ ծրագրի իրականցումը հնարավոր է դադարեցվի։ «Ծրագիրը ուժի մեջ է»,-տեղեկացնում է մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը։ Միայն դեռևս պարզ չէ հողի հատկացման հարցը,-ասում է։ Համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու համար մարզպետարանը դիմել է կառավարություն։

«Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ համար շատ կարևոր է, եթե կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք, բայց դա մեր արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին անելը լավագույն լուծումը չէ», — նշել էր վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույցներից մեկի ժամանակ։«Այժմ կառավարությունը փորձում է գտնել ճանապարհային միջանցքի շինարարությունը մասնավոր հատված-պետություն համագործակցության արդյունքում շարունակելու տարբերակներ», — նշել էր նա:
Հիշեցնենք ,որ 556 կիլոմետրանոց ժամանակակից ավտոմայրուղին պետք է կապի Մեղրին հայ-վրացական սահմանին գտնվող «Բավրա» անցակետին:
Հերմինե Միքայելյան