Սյունիքի մարզպետը ներկայացրել է Կապանի բկ-ի տնօրենի պաշտոնակատարին

Spread the love
Սյունիքի մարզպետը ներկայացրել է Կապանի բկ-ի տնօրենի պաշտոնակատարին

Սյունիքի մարզպետարանը իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել,որում ասված է.
Հունվարի 18-ին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ բուժանձնակազմին: Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել է վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Հանդիպման ընթացքում Վահե Հակոբյանը պատասխանել է բժիշկների բարձրացրած հարցերին:
Նշենք,որ հունվարի 17-ին լուծվել է <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ կնքված պայմանագիրը՝ հիմք ընդունելով տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը, որն արձանագրվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2017 թվականի հունվարի 13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ:
Իսկ մեկ այլ հայտարարությունից տեղեկանում ենք,որ մարզպետ Վահե Հակոբյանը այսօր <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանին, ով մինչ այդ հանդիսանում էր <<Կապանի պետական բժշկական քոլեջ>> ՊՈԱԿ-ի տնօրենը: Իր ելույթում Վահե Հակոբյանը վստահություն հայտնեց, որ Ռ.Սարգսյանի մասնագիտական փորձն ու գիտելիքները կծառայեն բժշկական կենտրոնի զարգացման գործին: Բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Հակոբյանին վստահության համար՝ նշելով, որ ծանոթ է բուժանձնակազմին: Նա ասաց, որ ջանք չեն խնայի կարճ ժամանակում բուժհաստատությունում առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու համար:
Ելույթ ունեցավ նաև Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը: Նա հրաժեշտ տվեց անձնակազմին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար:
Հիշեցնենք,որ այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի պաշտոնական կայքից։