Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 17 տարի անց

Spread the love

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 17 տարի անց

1999 թվականի հոկտեմբերի 27 հանրապետության խորհրդարանում արյունահեղություն տեղի ունեցավ: Հերթական նստաշրջանն էր, հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։ Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։
Երկրապահ կամավորական միության Կապանի տարածքային բաժանմունքի տղաները 17 տարի անց կրկին մեկ մարդու պես առավոտյան Բաղաբուրջի հուշահամալիր են բարձրացել՝հարգանքի տուրք մատուցելու, խոնարհվելու սպարապետի կիսանդրու առջև: 1999-2003թթ-ին ազգային ժողովի պատգամավոր Արամ Հովհաննիսյանը ևս նրանց հետ է: Հիշողոթյունները վառ են, խոսքը՝ կարճ:

Հայաստանը թուլացնելու միտում ուներ կատարվածը,- ասում է Սուրիկ Հովսեփյանը :
Ահաբեկչությունը իրականացրած անձանց դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Բուն գործողությունը իրականացնողները 5-ն էին: