Ծառերի ջարդ Կապանում

Spread the love

Ծառերի ջարդ Կապանում

Ծառերի ջարդ Կապանում

Ծառերի ջարդ Կապանում

Մարզկենտրոնում երեկվանից տեղացած առատ ձյունը ոչ միայն հասցրել էր բավականաչափ նստել, այլև առավոտյան արդեն ամբողջ քաղաքը տակնուվրա անել: Աշնանային ու ձմեռային գույները միախառնվել էին: Թաց ու ծանր ձյունը քաղաքում ծառերի ջարդ էր արել:

Հոսանքազրկումներ, գազատար խողովակների վթարներ, կտրված էլեկտրալարեր, ջարդված ու գետն ի վար կողաշրջված ծառեր, էլեկտրասյուներ.այս պատկերն էր քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում: Կոմունալ ծառայությունում ահազանգերը չէին դադարում, ծառայության աշխատակիցները առավոտյան 7-ից խմբերով դուրս էին եկել տարբեր ուղղություններով:

Ճանապարհները աղով ու ավազով մշակելու կարիք չի եղել: Կոմունալ ծառայությունը համացանցում հայտարարություն էր տարածել՝կոչ անելով տնտեսվարող սուբեկտներին ևս աջակցել ստեղծված իրավիճակում:Մայթեզրերին և բանուկ հատվածներում կողաշրջված ծառերը վտանգավոր էին թե անցորդների և թե վարորդների համար: Կապանի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի ունեցած գազատարի վթարից բարեբախտաբար ոչ ոք չէր տուժել: Միայն թե որոշ բնակելի տներ մի քանի ժամով զրկվել էին գազից:

Վթարի վայր տանող ճանապարհահատվածի ձյունը մաքրվեց « Կապանի նորոգշին» ընկերության տեխնիկայով: Միայն դրանից հետո վթարավերականգնողական խմբի մեքենան կարողացավ հաղթահարել բարձրադիր հատվածը: Գարեգին Նժդեհի փողոցի գազատարի վթարը ամենախոշորն էր օրվա ընթացքում : Գրիգոր Արզումանյան, Արփիկ թաղամասերում ևս կոտրված ծառերից ,ճյուղերից բնակելի անհատական տները որոշ ժամանակով զրկվել էին երկնագույն վառելիքից: Նշված վայրերում ևս մասնագետները փորձում էին արագ վերացնել վթարը: Նույն գործին էին նաև «Հայէլցանցեր» ՓԲԸ Կապան տեղամասի աշխատակիցները:
Կմունալ ծառայությունը փորձում էր հնարավորության սահմաններում լուծել կոտրված ծառերի հարցը: Դրանք կտրտվում,հավաքվում էին ,տեղափոխելու նպատակով:

Կոմունալ ծառայույթան պետի խոսքով՝ այս գիշեր քաղաքի որոշ հատվածներում գիշերային լուսավորություն չի լինի ,այն ևս պետքէ վերականգնվի:Շահումյան փողոցում կոտրված ծառերը վնասել էին նաև նոր տեղադրված լուսատուները: