Որտեղ զով է,այնտեղ էլ կանգառն է.բաղաբերդցիները դժգոհում են

Spread the love
Որտեղ զով է,այնտեղ էլ կանգառն է.բաղաբերդցիները դժգոհում են

Որ հատվածում ստվեր է ու զով է, այնտեղ էլ կանգառն է.ահա այսպես են կողմնորոշվում Կապանի Բաղաբերդ թաղամասի բնակիչները: 2 շաբաթ է արդեն ավտոբուսից ու երթուղայիններից օգտվողները ստիպված են համբերել: Կանգառի տեղում նոր շենքի շինարարություն է սկսվել,իսկ իրենք կանգնելու, նստելու և տրանսպորտի սպասելու տեղ չունեն:

Բաղաբերդցիների խոսքով՝ նախկին կանգառի տեղում ոստիկանական հենակետ է կառուցվում: Ասում են՝ դեմ չեն, հասարակական կարգն են պահպանելու,բայց կանգառից չեն ուզում զրկվել: “Հատկապես շոգ եղանակին վտանգավոր է արևի տակ կանգնելը: Ոմանք էլ, չկարողանալով սպասել, ստիպված տաքսիով են իջնում,մինչդեռ ոչ բոլորը ունեն հնարավորություն”,-ասում են :Իսկ ավտոբուսները սովորության համաձայն, կանգնում են հին տեղում՝ երբեմն էլ չնկատելով ստվերում սպասողներին:

Կապանի քաղաքապետարանից տեղեկացանք՝ կարճ ժամանակում շինության հարակից տարածքում կանգառ կկառուցվի:
Բացի Բաղաբերդից, մարզկենտրոնի մի քանի այլ փողոցներում ևս կանգառների վայրերում շինարարություն է իրականացվում: Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնից տեղեկացանք. Շահումյան փողոցում գտնվող կանգառներից մեկի տարածքում՝120քմ-ում համաքաղաքaցիներից մեկը խանութ- սրահ է կառուցում: Այստեղ պատկերը փոքր-ինչ այլ է. hասարակական տրանսպորտից օգտվողների համար ժամանակավոր տեղ է հատկացվել՝նստելու և սպասելու: Քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանի խոսքով՝ համայնքը առաջադրանքի մեջ պարտադրել է կանգառի կառուցումը:Կառուցապատողը շինարարությունից հետո հարակից տարածքում մշտական կանգառ է կառուցելու: