«Միայն դպրոցի գիտելիքներով բարձր միավորներ ակնկալել հնարավոր չէ».դիմորդ

Spread the love

"Միայն դպրոցի գիտելիքներով բարձր միավորներ ակնկալել հնարավոր չէ".դիմորդ

Բնագիտական առարկաներից հետո հերթը հայոց լեզու և գրականությանն էր:Կապանի համար 9 ավագ դպրոց 153 դիմորդներից ներկայացել էին 150-ը՝ հանձնելու հերթական միասնական քննությունը: Լարվածությունը մեծ էր, չսխալվելու ցանկությունը՝նույնպես: Ցանկացած վրիպակ, անուշադրական սխալ ազդում են միավորների վրա:
«Ներսում լարվածություն կար:Շատ խիստ էր անցկացվում»,-ասում է դիմորդներից մեկը:
Մեկնարկից 2 ժամ անց միայն քննասենյակի դռները բացվեցին: Քննաթերթիկի պատճենով դուրս եկողների խոսքով ՝ աշխատելիս չեն շտապել :Ինչ վերաբերում էր առաջադրանքներին, այնքան էլ դժվար չէին.հայոց լեզվից էին և գրականությունից:

«Հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննության թերթիկներում ընդգրկվել էին հիմնականում քերականության, շարահյուսության և ձևաբանության հարցեր: Համեմատաբար դժվար էին հայ գրականության առաջադրանքները»,-ասում են դիմորդները:
» Միայն դպրոցի գիտելիքներով բարձր միավորներ ակնկալել հնարավոր չէ:Մասնավոր պարապմունքները անհրաժեշտ են: Հայոց լեզվի հարցերը հիմնականում շտեմարանից էին,իսկ գրականությունը մի քիչ մտածելու տեղիք տվեց»,-ասում է դիմորդ Նաիրա Մկրտչյանը:

Մինչ երեխաները ներսում պայքարում էին բուհ ընդունվելու համար , ծնողներն էլ դրսում փորձում էին նստելու տեղ գտնել:Կապանի համար 9 ավագ դպրոցի բակի ետնամասում են ամեն տարի երկար ճանապարհ կտրած ծնողները վաղ առավոտից հավաքվում: Ամեն տարի նույն պատկերն է ,այս անգամը ևս բացառություն չէր.նստարաններ չկան, հատակը անբարեկարգ է, իսկ տեսախցիկների նկարահանումն էլ,ըստ ներկաների,անորակ:
Դուրս եկող դիմորդներին,իհարկե, այս ամենը ամենաքիչն է հետաքրքրում: Պատճենահանված հարցաթերթիկներն են ստուգում, փորձում հաշվել միավորները: Մի մասի խոսքով՝ սպասելիքները ավելին են : Ճիշտ պատասխանները ժամեր անց արդեն տեղադրվել էին համացանցում: