Ազատամարտիկը Ազատության հրապարակում նստացույց է սկսում

Spread the love
Ազատամարտիկը Ազատության հրապարակում նստացույց է սկսում

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը

ՀՀ կառավարությունը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջները, անտեսում է ազատամարտիկների, զինծառայողների և նրանց ընտանքիների անդամների սոցիալական իրավունքները:

Ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության երաշխիքները խիստ անբավարար են: Անկախ սոցիալական առումներից, այս երևույթն ինքնին անհարիր է մարդկային և ազգային արժանապատվության տեսակետից:

ՀՀ կառավարությունը հատուկ քաղաքականություն է իրականացնում զինծառայողներին հնարավորինս ցածր կենսաթոշակ վճարելու նպատակով: Ծառայության ընթացքում զինծառայողներին քիչ թե շատ տանելի վարձատրություն տրամադրելու պարագայում ՀՀ կառավարությունը կենսաթոշակի անցնելիս նրանց կենսաթոշակը հաշվարկում է օրենքով սահմանված կարգից բխող չափից առնվազն 3-4 անգամ ավելի պակաս չափով, ինչի հետևանքով կենսաթոշակի անցնող զինծառայողները հայտնվում են աղքատության մեջ:

Այդպիսի քաղաքականությամբ կառավարությունը բացահայտ կերպով ցույց է տալիս, որ զինծառայողներն իրեն պետք են միայն ծառայության ընթացքում: Նման երևույթը ոչ միայն սոցիալական անարդարություն է, այլև բացասաբար է ազդում Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վրա, քանի որ զինծառայողներին դնում է վարձկանի կարգավիճակում:

ՀՀ կառավարությունից պահանջում եմ ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան.

1. արմատապես վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները,

2. վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը,

3. ըստ այդմ կատարել վերահաշվարկ և փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:

Նշված պահանջների կատարմանը հասնելու նպատակով 2013 թ. մայիսի 11-ից, ժամը 10:00-ից Երևանի Ազատության հրապարակում անցկացնում եմ նստացույց և ազատամարտիկներին, կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև այս հարցով մտահոգ ՀՀ այլ քաղաքացիներին հրավիրում եմ մասնակցելու այս պայքարին:

Նյութի աղբյուր՝ lragir.am