Մեղվաբուծությունը` իր ամբողջ հմայքով ու աշխատատարությամբ քննարկման կենտրոնում

Spread the love
Մեղվաբուծությունը` իր ամբողջ հմայքով ու աշխատատարությամբ քննարկման կենտրոնում

Մեղվաբույծ Մելսիկ Բաղդասարյանն է` Ներքին Հանդից: Համայնք այցելած արտասահմանցի հյուրերին օրերս հասցրել է զարմացնել. առանց արտահագուստի բաց գլուխը մտցրել է մեղվափեթակի մեջ: Նիդերլանդներից ժամանած մեղվաբուծությամբ զբաղվող Խեղիդ Պլասը այս դրվագն է պատմում Սիսիանի ու Կապանի տարածաշրջանների մեղվաբույծներին . հյուրի դեմքին զարմանք ու հիացմունք է: 60 մեղվաընտանիք ունեցող Մելսիսկին այժմ այս հնարքով են սկսել ճանաչել:

«Վորլդ Վիժն Հայաստանի» տնտեսական ծրագրի մի մասն է կազմում մեղավբույծների փորձի փոխանակումը: Կլոր սեղանի շուրջ նստած զրուցում և կարծիքներ են փոխանակում: Կենտրոնում մեղվաբուծությունն է՝ իր ամբողջ հմայքով ու աշխատատարությամբ. ով ինչ դեղ տվեց մեղուներին,ինչպես պայքարեց վարատոզի դեմ, քանի անգամ տարվա մեջ բերք ստացավ ու ինչ արեց,որ մեղուն ավելի շատ աշխատի :

Մեղվաբուծությունը` իր ամբողջ հմայքով ու աշխատատարությամբ քննարկման կենտրոնում

Պարզվեց՝ առավել ժրաջան ու աշխատասեր համարվող իտալական մեղու Հայաստան ներկրելու դեպքում կառավարությունը նախ պետք է հավանություն տա:

Խեղիդ Պլասը ներկաներին սեփական փորձը մատնանաշեց : «Վորլդ Վիժն Հայաստանի» հրավերով է եկել ու նպատակ չունի մասնակիցներին թելադրել ՝ինչ անել,պարզապես իր կարծիքն էր արտահայտում .ինչպես մեղվաբուծության մեջ քիչ չարչարվել,սակայն ճիշտ անել: Ինչպես ինքն է ասում,Հայաստանում 50 մեղվաընտանիքով մեղվաբուծություն են սկսում,իսկ Հոլանդիայում համարվում են հարուստ մեղվաբույծ: «Տարվա մեջ 2 անգամ բերք եմ ստանում, ընդհանուր առմամբ, մեկ փեթակից միջինը՝ 30 կգ»,-պատասխանելով ներկաներին հուզող հարցին նշեց Խեղիդ Պլասը:
«Մեղվաբույծները այստեղ ավելի կենտրոնացած են իրենց մեղվաընտանիքների վրա:Ավելի շատ են սիրում իրենց մեղուներին,կապվածություն կա,ինչը մեզ մոտ չկա: Դա ինձ շատ դուր եկավ:Սակայն այստեղ սխալ ժամկետներում են օգտագործում դեղամիջոցները, որը կարող է ազդել մաքուր մեղրի վրա»,-ավելացրեց հյուրը:

Հոլանդացի մեղվաբույծը նախորդ տարի Կապանից ու Սիսիանից մեղր է տարել իր հետ՝լաբորատոր փորձաքննության: «Պարզվեց՝ դրանցում այնպիսի բաղադրիչներ կան ,որոնք չպետք է լինեն էկոլոգիապես մաքուր մեղրի մեջ:Իսկ ընդհանուր առմամբ տեղական մեղրը համեղ է»,-նշեց նա:
Տեղական ու արտասահմանյան փորձի փոխանակման մասնակիցները զրուցեցին, քննարկեցին: Մի մասը պապենական գործի շարունակողներն են,իսկ մյուսները՝ ինչ-որ չափով սկսնակ: Լսում են, խոսում անցած տարվա՝ համեմատաբար մուգ գույնի մեղրի , արդյունավետ ուղիների մասին , սակայն ամեն ոք իր կարծիքի ու փորձի տերն է:

Մեղվաբույծների մեծ մասի խոսքով՝ ինչքան արտադրում,այնքան էլ վաճառում են: Հիմնականում ծանոթ ու բարեկամի շրջանակում: Միայն թե վաճառածի գումարները դժվարությամբ են հավաքում:
Այս տարվա մեղրի բերքի մասին մեղվաբույծները նախընտրեցին չշտապել կարծիքներ արտահայտել.լավատեսորեն են տրամադրված:
Իսկ «Մեղվի քաղաք» կազմակերպությունը,օգտվելով առիթից, հանդիպման ընթացքում տեղացի մեղվաբույծներին իր արտադրանքը առաջարկեց՝ նոր փեթակներ ՝ոչ փայտե, հագուստ, պարագաներ, բրոշյուրներ:
Հերմինե Միքայելյան