Գիշերը լույսերը մի քիչ հանգցրեք և մտեք թանգարան.Գրիշա Սմբատյան

Spread the love

Գիշերը լույսերը մի քիչ հանգցրեք և մտեք թանգարան.Գրիշա Սմբատյան

Ինչու՞ հենց թանգարանային գիշեր. Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը այս հարցին իր պատասխանն է տալիս ու նախաձեռնության մեջ տարածաժամանակային խորհուրդ նկատում:
«Գիշերը լույսերը մի քիչ հանգցրեք և կիսամութի մեջ մտեք թանգարան:Հատկապես,երբ կան հնագիտական, կան թագավորների վերականգնված արձաններ,ցուցանմուշներ:Դուք կգտնվեք, անկեղծ եմ ասում,այլ աշխարհում:Կարծես թե գնում եք դեպի դարերի խորքը և յուրահատուկ ժամանակի մեքենան տանում է այդ ժամանակների խորքերը:Դուք այդ ժամանակ ավելի լավ եք զգում նյութական արժեքների իմաստն ու էությունը:Մենք կաշխատենք այդ օրը լույսերը ավելի քիչ վառել ,որ խորհրդավոր լինի»,-ասում է:

Ընդամենը մի քանի օր անց՝մայիսի 21-ին հանրապետության 100-ից ավելի թանգարաններում՝այդ թվում մարզկենտրոնում,կնշվի թանգարանային գիշեր միջոցառումը: Կապանը նախաձեռնությանը մասնակցում է 2008թ-ից : Այս տարի ևս մշակութային ավանդույթը չի խախտվի:
«Ժամը 17:00-ից դռները բաց կլինեն բոլորի առջև մինչև 00:00:Եթե մարդ կլինի ,որ ժամը 3-ին գա, մենք կսպասենք»,-ասում է Գրիշա Սմբատյանը:
Թանգարանային գիշեր միջոցառմանը երկրագիտական թանգարանը այցելուների ուշադրությանը կներկայանցի 93թ-ից մինչ օրս երբևէ չցուցադրված գտածոներ՝կավե կուռքը, Տանձավերից հայտնաբերված կոշկաձև անոթը, ցուլի պատկերով օղակը Շիկահողից և այլն:
«Կապանը հնագույն ժամանակներում». այսպիսին է խորագիրը: Բարձրանալով երկրորդ հարկ՝այցելուները մտովի կշրջեն քարեդարյան ժամանակներից միչև ուշ միջնադար:
Պատմական արժեքները հիմնականում բացահայտվել են հողաշինարարական աշխատանքների ժամանակ,տարբեր մարդկանց կողմից. Շիկահող, Տանձավեր, Վահանավանք, Հալիձոր, Թեղուտ՝ներկայիս Շինարարների թաղմաս: Աշխատանքային գործիքները, թրերն ու կենցաղային իրերը դիտելիս կարելի է հեշտությամբ պատկերացում կազմել այն ժամանակվա մարդկանց զբաղմունքի ու զարգացած մշակույթի մասին: Առանձնակի ուշադրություն են գրավում կանանց զարդերը:Օրինակ՝ կավե ուլունքները՝բավականին լավ թրծված ու որակյալ:

Սրահում ցուցադրված նյութերի մի մասը ցուցափեղկերի բացակայության պատճառով ժամանակին պահվել է ու չի ներկայացվել: Թանգարանի տնօրենի խոսքով՝ այս օրերին ձեռք են բերել մի քանի ցուցափեղկ : Մայիսիի 21-ի միջոցառմանն են պատրաստվում և այդ օրը լավ առիթ է ավելի մանրամասն ծանոթանալու դրանց՝ Կապանի պատմությանը:
Ինչ վերաբերում է վերջերս Եղվարդում հայտնաբերված գտածոներին՝ դրանք պահ են տրվել Կապանի երկրագիտական թանգարանին,սակայն առայժմ չեն ցուցադրվի: «Նյութերը մայրաքաղաքում են: Դրանցով զբաղվում են գիտնականները:Կմաքրվեն, կվերականգնվեն ու կվերադարձվեն»,-ասում է Գրիշա Սմբատյանը:
Թանգարանի աշխատակիցների համար մասնագիտական տոնը մայիսի 18-ին է նշվում՝թանգարանների միջազգային օրը: Ավանդույթը սկիզբ է առել 1977 թվականից Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕի հովանու ներքո: Մոտ 150 երկրներ են տոնին մասնակցում՝այդ թվում Հայաստանը:
Հերմինե Միքայելյան