Հակառակորդի զինուժի նման կուտակումներ չեն եղել. ՊՆ խոսնակ

Spread the love
Հակառակորդի զինուժի նման կուտակումներ չեն եղել. ՊՆ խոսնակ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, սակայն առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում դժվարացավ որևէ գնահատական տալ, միայն նշեց, որ վերջին դեպքերից հետո հակառակորդի զինուժի նման կուտակումներ չեն եղել:
ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը եւս չցանկացավ ասել, թե ինչով է պայմանավորված թշնամու տեղաշարժը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը Araratnews.am-ի հետ զրույցում չբացառեց, որ Մայիսի 9-ին նախորդող օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների:
«Այս պահին հանգիստ է, բայց տոն օրերին նրանք յուրահատուկ ակտիվություն են ցուցաբերում: Չեմ կարծում, որ դա կարող է լինել լայնածավալ պատերազմ, բայց այն, որ խախտելու է զինադադարի ռեժիմը եւ իրեն բնորոշ քայլեր է կատարելու` սպասելի է»,- նշեց պարոն Բաբայանը:
Նշենք, որ ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունից հետո հակառակորդը գրեթե ամեն օր խախտել է բանավոր պայմանավորվածությունը՝ կիրառելով տարբեր զինատեսակներ:
«Արդբեջանն այս ընթացքում կիրառել է գրեթե նույն զինատեսակները՝ ականանետներ, նռնականետներ, հրետանի, զենիթահրթիռային համակարգներ, «Գրադ» կամ դրան համարժեք թուրքական կայանքներ եւ այլն»,-հավելեց Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների որակը չի փոխվել, փոխվել է միայն քանակը:
My Webpage