Նորայր Գասպարյանը հետմահու պարգևատրվեց «Պարի վաստակավոր»-ի կոչմամբ

Spread the love
Նորայր Գասպարյանը հետմահու պարգևատրվեց «Պարի վաստակավոր»-ի կոչմամբ

Պարի միջազգային խորհրդի նախագահ, դոկտոր Ալկիս Ռաֆտիսն այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանում էր, որտեղ մասնակցում էր Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին:
Պարարվեստում հայ ժողովրդի բարեկամը հանգամանորեն տեղյակ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, ինչպես նաև այն փաստին, որ սահմանին հակառակորդի նենգ հարվածից զոհվել է ՀՊՄՀ-ի Պարարվեստի բաժնի ուսանող, սերժանտ Նորայր Գասպարյանը: Նրա առաջարկով՝ քաջարի զինվորը հետմահու կպարգևատրվի «Պարի վաստակավոր»-ի կոչմամբ, իսկ նրա լուսանկարը այսօր կտեղադրվի Պարի միջազգային խորհրդի պաշտոնական կայքում՝ ի լուր թշնամու ապօրինի ոտնձգությունների:
«Պարը մշակութային այն արժեքն է, որ դարեր շարունակ ուղեկցել է մեզ: Այսօրինակ մշակույթ ունեցող ազգը անպարտելի է իր ոգով, ապացույցը՝ առաջնագծի այն հերոս տղաները, որ պաշտպանում են ոչ միայն հայրենիքի, այլև մեր մշակույթի և հավատքի սահմանները. դրանից ներս ազգի միասնությունն է»,- Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը ու հավելեց՝ պարը եղել և մնում է հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշ:
Ալկիս Ռաֆտիսը խոստովանեց՝ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը, իսկ Մանկավարժականում՝ ունենում դրական հույզեր և ապրումներ. «Տարիներ առաջ դասախոսելիս հոգնում էի, բողոքում, հիմա կարոտում եմ»:
Օրը կարևորվեց նաև Պարի միջազգային խորհրդի հայաստանյան մասնաճյուղի բացմամբ, որը կղեկավարի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը: Ալկիս Ռաֆտիսը վկայականներ հանձնեց մասնաճյուղի առաջին անդամներին՝ ուսանողներին և «Բերդ» պարային անսամբլին, ինչպես նաև դիպլոմներ դասախոսներին և ուսանողներին՝ 150 ժամ տևողությամբ հայկական պարերի ուսումնասիրում պարային դաս անցնելու համար:
Կարեն Գևորգյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց պարի երախտավորներին, բոլոր ժամանակների նվիրյալներին:
Պարարվեստի մանկավարժության ամբիոնի դասախոս Ալինա Դանիելյանը մասնագիտական օրվա առիթով ներկայացրեց իր հեղինակած «Բեմական-բնութագրական պարի հիմունքները» ուսումնամեթոդական ձեռնարկը: Միջոցառումներին ներկա էին ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Պարարվեստի փառատոնների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էմիլ Դիմիտրովը, պարարվեստի երախտավորներ, հյուրեր:My Webpage