Գիշերը Մարտակերտն ու Մատաղիսը ենթարկվել են հրետակոծության և արկակոծության

Spread the love
Գիշերը Մարտակերտն ու Մատաղիսը ենթարկվել են հրետակոծության և արկակոծության

Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանի փոխանցմամբ, ապրիլի լույս 25-ի գիշերը ժամը 1-ի սահմաններում Մարտակերտ քաղաքը ենթարկվել է հրետակոծության։

«Ժամը 1-ի սահմաններում սկսվել է Մարտակերտ քաղաքի հրետակոծությունը։ Նշեմ, որ ավելի ինտենսիվ, քան քառօրյա պատերազմի ժամանակ էր։ Ավերվել են բնակելի տներ, խանութը, քաղաքապետարանի շենքը, առևտրի օբյեկտներ, ահագին ավերածություններ կան։ Մարդկային զոհեր, փառք Աստծո, չունենք», — «Ազատության»-ն ասաց Հարությունյանը։

Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ մի գիշերվա մեջ 60-ից ավելի արկ է ընկել Մարտակերտի վրա։ «Ես համոզված եմ, որ իրենք դիտմամբ հենց քաղաքին էին խփում, քաղաքի կենտրոնին էին խփում», — ասաց Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ, այս պահին կրակոցները դադարել են, վիճակը Մարտակերտում հանգիստ է։ «Քաղաքում խուճապ չկա, մարդիկ իրենց գործերով են զբաղված։ Հիմնականում մարդիկ գնալու մասին չեն մտածում։ Հրետակոծության ժամանակ մարդիկ թաքստոցներում էին, ապաստարաններում էին, հետո անցնում են իրենց գործին։ Իրենց տարիների ընթացքում սարքած տունը, տեղը, ո՞նց թողեն գնան, կամ ո՞ւր գնան», — ասաց Հարությունյանը։

Գիշերը խաղաղ չի եղել նաև Մատաղիսում։ Դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ գիշերը 1։20-ի սահմաններում Մատաղիսը ենթարկվել է արկակոծության։

«20-ից ավելի արկ է գյուղի տարածքում պայթել։ Հիմնականում էլեկտրալարերն են վնասվել, հինգ արկ ջրամբարի մեջ է ընկել, մյուս մասը, կարելի է ասել, հիմնականում գյուղին մոտ սարերի վրա։ Տներ չեն վնասվել։ Գյուղում խուճապ չկա, հենց առաջին երկու պայթյունից ապաստարաններ, նկուղներ ենք մտնում, հենց լռում են՝ նորից դուրս ենք գալիս։ Գյուղը լքելու մասին չենք մտածում, հիմա էլ իրենց աշխատանքով են զբաղված։ Պայմանավորվածությունից հետո արդեն երկրորդ գիշերն է, որ խփում են, ցերեկները հանգիստ է լինում», — ասաց դպրոցի տնօրենը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, բացի մարտական հենակետերից՝ հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):

«Հակառակորդի ագրեսիվ գործողությունները չեզոքացնելու նպատակով` ղարաբաղյան բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի և թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի նշանակալի կորուստներ», — փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:My Webpage