Ռուբեն Վարդանյան. «Ինձ չի հուզում, թե ինչ կասի Օբաման»

Spread the love

Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» եւ «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ «իրեն չի հուզում, թե ինչ կասի Բարաք Օբաման»:

Այս մասին նա ասել է «Ավրորա» մրցանակաբշխությանը հաջորդած ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին:

«Այս հարցը (Ցեղասպանության — խմբ.) վերաբերում է միայն երկու ազգերին (հայերին եւ թուրքերին – խմբ.): Մենք՝ հայերս, եկել ենք ասելու, որ հաղթահարել ենք տառապանքը եւ պատրաստ ենք առաջ գնալ ու բարգավաճել: Ես չպետք է որեւէ մեկին ապացուցեմ, որ նախնիներիս ընտանիքը սպանվել է թուրքերի կողմից: Փրկվել է պապիկս՝ իր քրոջ եւ եղբոր հետ: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ժխտողականությունը չի թողնում, որպեսզի այն կարողանա առաջ շարժվել ու զարգանալ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Նա ընդգծել է, որ «Ավրորա»-ն միջազգային մրցանակ է, եւ եթե Թուրքիայից հավակնորդ լիներ, ապա միանշանակ կարող էր մասնակցել:

«Եթե հաջորդ տարի «Ավրորա» մրցանակի համար արժանի թուրք ներկայացուցիչ դիմի, ապա պատրաստ ենք ավելի առաջ անցնել եւ այստեղ՝ Երեւանում, նրան հանձնել մրցանակը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի կողմից «Ցեղասպանություն» բառը չարտասանելու վերաբերյալ հարցին՝ «Ավրորա» եւ «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիրներից Վարդան Գրեգորյանը նկատել է, որ թեեւ Օբաման չի օգտագործել այդ եզրը, սակայն ասել է «Մեծ եղեռն», որը, նրա խոսքով, հայերի համար նույնն է, ինչ հրեաների համար Հոլոքոստը:

Источник: www.mediamax.am