Արցախում միջնորդներին են ներկայացվել Բաքվի ագրեսիայի ապացույցները

Spread the love

Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին վերաբերող հարցեր:

ԼՂՀ նախագահն Ադրբեջանի ագրեսիան համարել է Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում կայունության եւ խաղաղության դեմ ուղղված ամենամեծ վտանգներից մեկը՝ այն որակելով նաեւ քաղաքակիրթ հանրության համար լուրջ մարտահրավեր:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ ՊԲ-ն «կասեցնում եւ կասեցնելու է ԼՂՀ-ի անկախության, ինքնիշխանության եւ անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն»:

ԼՂՀ ղեկավարը հավելել է, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում է կոշտ եւ հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ:

Այսօր ավելի վաղ Պաշտպանության բանակի շտաբում միջնորդներին եւ Անջեյ Կասպշիկին ընդունել էր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Նա միջնորդներին էր ներկայացրել անհերքելի ապացույցներ ադրբեջանական ռազմական ագրեսիայի եւ մասնավորապես՝ խաղաղ ազգաբնակչության դեմ կատարված անմարդկային քայլերի վերաբերյալ:

Համանախագահները իրենց հերթին վերահաստատել են խաղաղ բանակցությունների ճանապարհով հիմնախնդիրը լուծելուն միտված քայլերի անհրաժեշտությունը եւ քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք հետագա գործընթացների հեռանկարը:

Источник: www.mediamax.am