Հակասական լուրեր Երեւանում ԵԱՏՄ նիստի չեղարկման մասին

Spread the love

Երեւան: Մեդիամաքս: Ռուսական РБК-ն հաղորդում է, որ ԵԱՏՄ-ն որոշել է չեղյալ հայտարարել ապրիլի 8-ին Երեւանում նախատեսված կազմակերպության վարչապետների հանդիպումը՝ Արցախում իրավիճակի սրման պատճառով:

«Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ գագաթնաժողովը կգնահատվեր որպես աջակցություն հակամարտության կողմերից մեկին, ասում են կառավարությունում»,- հայտնում է РБК-ն:

Սակայն ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանն այսօր Մեդիամաքսին ասել է, որ «այս պահի դրությամբ, հանդիպման անցկացման մասին որոշումը մնում է ուժի մեջ»: 

РБК աղբյուրներից մեկի համաձայն, Երեւանում ԵԱՏՄ վարչապետների հանդիպման չեղյալ հայտարարելը պայմանավորված է նրանով, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման ժամանակ այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի վարչապետի մասնակցութունը կարող էր դիտարկվել որպես աջակցություն կողմերից մեկին»:

Մեկնաբանելով երեւանյան հանդիպման չեղարկման մասին տեղեկատվությունը՝ ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան սահմանափակվել է միայն տեղեկացնելով, որ Մոսկվան սպասում է ԵԱՏՄ պաշտոնական որոշմանը, որտեղ ներկայում նախագահում է Ղազախստանը:

ՌԴ կառավարության աղբյուրներից մեկն ասել է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ ապրիլի 7-ին Երեւան նախատեսված աշխատանքային այցի հարցը դեռեւս որոշված չէ: «Այս հարցն անմիջականորեն կապված չէ ԵԱՏՄ գագաթնաժողովի հետ եւ որոշվում է ոչ թե Ղազախստանում, այլ Մոսկվայում եւ Երեւանում»,- ասել է աղբյուրը:

Աղբյուր: www.mediamax.am