5 բեռնատարներ ուղևորվեցին ԼՂՀ

Spread the love

5 բեռնատարներ ուղևորվեցին ԼՂՀ

Առաջին անհրաժեշտության հագուստ,ծխախոտ, հիգիենիկ պարագաներ,սնունդ, և, իհարկե, քաջալերող խոսքեր՝ նամակի տեսքով: Եվ այս ամենը՝ սահմանին կանգնած զինվորների համար : Հայաստանի ամենատարբեր անկյուններում այսպիսի պատկեր է, այդ թվում՝Կապանում:
Քաղաքապետարանի նիստերի դահլիճը սպասվածից էլ մարդաշատ է: Արկղերով,տարաներով, տոպրակներով յուրաքանչյուրն իր բաժին օգնությունն է ուզում բերել՝ ԼՂՀ հասացնելու համար:
Ազատամարտիկ Գագիկ Հայրապետյանը Աճանանի գյուղապետարանի անհրաժեշտ սննդով ու հագուստով լի արկղն է բերել: Սահման մեկնելու պատրաստակամություն է հայտնել ու անդամագրվել կամավորների շարքերին:
Մարզպետարանի, քաղաքապետարանի, հիմնարկ-ձեռնարկությունների,կազմակերպությունների,տարածաշրջանի հանրակրթական դպրոցների,նախակրթարանների աշխատակիցներ, դպրոցականներ, պարզապես անհատներ ու արտերկրում բնակվող համաքաղաքացիներ միահամուռ կերպով, անկախ սոցիալական վիճակից ու տարիքից , միջոցներ են հայթայթել ու պատրաստ են ձեռք մեկնելու սահմանին կանգնած տղաներին: Եվ սա՝ ընդամենը ժամերի ընթացքում:Քաղաքապետարանը ապրիլի 2-ից շուրջօրյա հերթապահություն էր սահմանել:

Ստացված օգնությունը սկղբում հավաքվում ,իսկ հետո արդեն քաղաքապետարան է հասցվում,կենտրոնացվում մեկ տեղում ,տեսակավորվում: Շատ են քաղաքացիները, ովքեր եկել եւ օգնում են աշխատանքին, իրենց աջակցությունն առաջարկում, ժամանակ առ ժամանակ հարցնում՝ ինչն է պակաս, ինչի կարիքը կա:
Եվ սա արդեն շարունակվում է 2 օր ՝մինչ ուշ երեկո:
ՀԵՀ Սյունիքի մարզային մասնաճյուղում ևս նախաձեռնությանը արձագանքեցին րոպեների ընթացքում: Ուսանողներն ու դպրոցականները այստեղ են գալիս,նաև տեղեկանում հետագա անելիքների մասին:
Կապանում փաթեթավորված ծանրոցները տեղափոխող 3 բեռնատար մեքենա արդեն մեկնել է Արցախի հյուսիս-արեւելյան ,իսկ 2-ը ՝ հարավ-արեւելյան ուղղությամբ:

Հերմինե Միքայելյան