«Ամեն գնով պաշտպանելու ենք մեր հողը»

Spread the love

Մարտակերտից 3 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Հոռաթաղ գյուղի բնակիչ 24-ամյա Հայկ Բալայանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սովորականի պես տանը քնած էր:

Ապրիլի 2-ին պիտի գնար Ստեփանակերտ՝ քննության էր: Արթնանում է, սակայն, ոչ թե առավոտյան՝ զարթուցիչի ձայնից, այլ գիշերը՝ թշնամու դիրքերից եկող կրակոցներից. տանեցիներն ավելի վաղ էին արթնացել ու միանգամից «ճանաչել սկսվող պատերազմի ձայնը»:

Հակառակորդի հարձակումը սկսում է շատ անակնկալ՝ Մատաղիսի եւ Թալիշի ուղղությամբ: Լուսադեմին արդեն գյուղերի բնակիչներին տարհանում էին:

«Նրանք անցնում էին մեր գյուղի մոտով: Երկու կողմից էլ վիրավորներ կային, իսկ Թալիշում տարեցների էին իրենց տան մեջ սպանել թուրքերը: Նյութական վնասներ էլ են եղել, տներ, շենքեր, մեքենաներ են տուժել»,- Մեդիամաքսի թղթակցին պատմել է Հայկ Բալայանը:

Ժամը մոտ 6:30-ին առաջին արկն է ընկնում Մարտակերտ քաղաքի վրա:

Մարտակերտում բնակչությունը հիմնականում չեն տարհանել, քիչ մասն է դուրս եկել: Այստեղ նույնպես նյութական վնասներ կան: Հայկը ասում է, որ այս օրերին քաղաքում մարդիկ շարունակում են իրենց առօրյա կյանքով ապրել, ժողովրդի մոտ որեւէ խուճապ չկա, բայց զգոն են: Բնակչության մեծամասնությունն իրենց տներում է, միայն վտանգավոր հատվածներում ապրող մարդիկ են տեղափոխվել ապաստարաններ:

Հաջորդող երկու օրերին, նույնպես, ռազմական գործողություններ էին ընթանում, կրակում էին երկու կողմից էլ՝ հիմնականում հրթիիռահրետանային զորքերն էին աշխատում:

«Երկու կողմից էլ կային վիրավորներ: Ադրբեջանը ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկայի մեծ կորուստներ տվեց այս օրերին: Մարտակերտի ուղղությամբ մեր զինվորները շատ տանկեր խփեցին»,- ասել է նա:

Մեր հեռախոսազրույցի ընթացքում էլ կրակոցներ հնչում էին, սակայն, ինչպես փոխանցեց Հայկ Բալայանը, մարտական գործողությունների սկսման առաջին օրվա համեմատ վիճակն ավելի հանգիստ է:

«Պատերազմից հետո սա ամենածավալուն մարտական գործողությունն էր, նման բան 1994թ.-ից հետո չէր եղել: Ուզում եմ պարտադիր նշել, որ մարդկանց մարտական ոգին շատ բարձր է: Անկեղծ ասած մենք՝ ժողովուրդս, չէինք սպասում, որ կամավորներն այդքան շատ կլինեն: Բոլորը, անկախ տարիքից, մեկնում են առաջին գիծ: Մենք ոչ մի թիզ հող չունենք թշնամուն հանձնելու, այդ հողերի համար արյուն է թափվել, այդքան պայքարել ենք, հիմա էլ ամեն գնով կռվելու եւ պաշտպանելու ենք մեր հողը»,- ասել է Հայկ Բալայանը:

Մարի Թարյան

Источник: www.mediamax.am