Չմոռանաք տաք հագնվել

Spread the love

Չմոռանաք տաք հագնվել

Օրերս ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել,որում մանրամասն ասված էր,թե ինչպես պետք է խուսափել աղիքային վարակից: Հատկապես գարնան ու ամռան ամիսներին բնակչությանը խորհուրդ է տրվում առավել զգոն լինել: Կապանի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում բուժվողները 6-ն են : 2-ն ունեն աղիքային խանգարում:
Բաժանմունքի վարիչը վարակի համար նպաստավոր պայմաններ դեռևս չի տեսնում,քանի որ եղանակը այնքան էլ գարնանային չէ: Այդուհանդերձ, Աիդա Բադալյանը խորհուրդ է տալիս հետևել հիգիենայի որոշակի կանոնների:
«Սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո և պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում: Չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք»:

Ձնհալներն ու անձրևները հատկապես կարող են ազդել խմելու ջրի որակի վրա: Ջրի գույնի, պարզության թեթև փոփոխության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործելուց առաջ եռացնել՝ինչպես խմելու ,այնպես էլ բանջարեղենն ու մրգեր լվանալու ժամանկ: Սպասքն էլ է մտնում այս ցանկի մեջ:

Խմելու ջրի որակի փոփոխության դեպքում ԱՆ պաշտոնական հաղորդագրության մեջ կոչ է արվում զանգահարել նախարարություն կամ «Հայջրմուղկոյուղու» մասնաճյուղեր:
Սուր շնչառական վարակները նահանջել են,հիվանդների դիմելիությունը զգալիորեն նվազել է: Սակայն սա դեռ չի նշանակում,որ գրիպը չի կարող վերադառանալ: Այս դեպքում կրկին «մեղքի մեծ բաժին» ունի եղանակը. Սյունիքում ջերմաստիճանի այսչափ նվազումը՝3-5 աստիճան ցուրտ , նպաստավոր է սեզոնային գրիպի համար: Մրսածությամբ պայմանավորված այն վերստին կարող է գլուխ բարձրացնել: ԱՆ-ը այս մասին ևս հաղորդագրություն է տարածել. հանրապետությունը դեռևս գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում,խորհուրդ է տրվում լինել առավել ուշադիր առողջության նկատմամբ, խոսքը հատկապես վերաբերում է տարեցներին, երեխաներին,հղիներին ու քրոնիկ հիվանդներին:
«Եվ վերջում ամենակարևորը՝չմոռանաք տաք հագնվել»,-հորդորում են մասնագետները:
Հերմինե Միքայելյան