Սյունիքի համայնքին մկնդեղ հատկացվեց

Spread the love

Սյունիքի համայնքին մկնդեղ հատկացվեց

Սյունիքի համայնքում մի քանի օր է՝ արդեն խոտհարքների ու աշնանացանի դաշտերի վրա երեկոյան սատկած մկներ են հայտնվում.մկան դեղը իր գործն արել է:
Որ այս տարի կրծողների աննախադեպ աճ է նկատվում Սյունիքի համայնքում,պատմել էինք նախորդ տեսանյութերում: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետից տեղեկացել էինք,որ գյուղատնտեսության նախարարության կողմից աշնանը մարզին «ռադիոֆակում» տեսակի 305 կգ մկան դեղ է տրամադրվել: «Այն հատկացվել է միայն Սիսիանի ու Գորիսի 17 համայքներին: Իսկ Կապանի տարածաշրջանին մկնդեղ կհատկացվի տարածքներում համապատասխան մասնագետների ուսումնասիրությունից հետո»,-նշել էր Սամվել Թանգյանը:
Սյունիքի համայնքի ղեկավարը օրերս տեղեկացրեց՝ մարզպետարանից 10 կգ մկան դեղ են ստացել:

Մինչ մկան դեղը տեղ հասնի, կրծողներն արդեն իրենց գործը տեսել են. բները փորված են, սերունդը բազմանում է:Սպասում են,որ հենց ցորենի հասկը բարձրանա, հյութալի արմատների համը ճաշակեն: Հողագործությամբ զբաղվող Արմեն Աբրահամյանի կարծիքով՝դեռ հնարավոր է դաշտերի բերքը փրկել:Սյունիքի գյուղապետարանից օրերս է մկան դեղ ստացել:Առաջին տարին չէ,որ կրծողների դեմ պայքար է մղվում: Մկների ձեռագիրն էլ լավ գիտի:
Արմենի խոսքով՝ 2 օր է չի կարողանում 9հա հողակտորը վերջացնել: Գդալ առ գդալ մկան դեղը, ցորենի ու ձեթի հետ խառնած, ցանում է աշխատող բների վրա: «Որտեղ հողը թարմ է փորված ,այնտեղ էլ աշխատող բներն են»,-ասում է:
Սյունիքի համայնքներում, ընդհանուր առմամբ , 200 հա է խիստ վարակված կրծողներով: Դրանք աշնանացանի, խոտհարքների դաշտեր են ,մի մասն էլ՝ բանջարանոցներ: Համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի խոսքով՝ հատկացված 10 կգ մկան դեղը կհերիքի անգամ 250 հա վարակազերծել: Դրանից հետո արդյո՞ք պատկերը չի կրկնվի:

Իսկ անասնատերերին հայտարարությամբ տեղեկացվել է,որ դաշտերում մկնդեղ է ցանված: Խոտածածկը կենդանիների համար ևս կարող է մահացու լինել:

Հերմինե Միքայելյան