Կապանում ևս նշվեց քաղպաշտպանության միջազգային օրը

Spread the love

Կապանում ևս նշվեց քաղպաշտպանության միջազգային օրը

Կապանի մի քանի դպրոցներում օրվա տարբեր ժամերի զանգը սովորականից երկար հնչեց: Աշակերտները լավ գիտեն.նման դեպքերում պետք է լքել դասասենյակը: Եթե երկրաշարժ է,բաց տարածություն իջնել, օդային տագնապ է ՝ապաստարան : Քաղպաշտպանության միջազգային օրվա առթիվ այս տարի ընտրվել էր վերջին տարբերակը:
Թիվ 13 դպրոցում տարրականից մինչև բարձր դասարանցի ժամանակին հասցրել էին բարձրանալ 2-րդ հարկ: Ուսուցիչները մատյանների օգնությամբ ճշտում էին՝արդյոք բացականեր կան: Իսկ թե ինչու էին ապաստարան կամ թաքստոց հասնելու համար բարձրացել,ոչ թե իջել,մարզային փրկարարական վարչության պետը պարզաբանում է:
«Ճիշտ կլիներ,որ թաքստոցը գտնվեր նկուղում,սակայն դպրոցը չունի այդպիսի տարածք: Բացի այդ դպորցի 2-րդ հարկը մյուս կողմից կպած է գետնին:Այդ իսկ պատճառով էլ այստեղ նպատահարմար գտանք»,-նշում է Բագրատ Զաքարյանը:
Իսկ թիվ 5 հիմնական դպրոցում հասարական պահպանության, բժշկական ու սանիտարկան խմբերի անդամներն ու զինղեկը համապատասխան հագուստով կազմ-պատրաստ դիմավորեցին մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին: Օրվան ու գործնական ուսումնավարժանքին ամենայն լրջությամբ էին պատրաստվել:

Տարհանումների ժամանակ շատ կարևոր է նաև թեքահարթկաների առկայությունը դպրոցներում: Մարզկենտրոնի կրթօջախների մեծ մասում հատուկ կարիքավոր երեխաների տեղաշարժի համար նախատեսված պայմաններ չկան:Թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտ Սամվել Բաբայանին ուսումնավարժանքի ժամանակ հայրն է օգնել : Դժվարությամբ տեղաշարժվող երեխան վստահ է՝ նման դեպքերում ընկերները կօգնեն:

Թիվ 6 հիմնական դպրոցում ևս պատրաստվել էին օրվան: Թեման պայմանական ջրհեղեղն էր :Երեխաները պետք է պաշտպանվեին՝բարձրանալով 2-րդ հարկ: Մարզային փրկարարական վարչության աշխատակիցները զրուցեցին դպրոցականների հետ,պատասխանեցին հարցերին:

Վարչության պետ Բագրատ Զաքարյանը օրը հաջողված համարեց : Չնայած փոքրիկ թերություններին՝ աշակերտները արտակարգ իրավիճակներում իրենց անելիքը գիտեն:

Հերմինե Միքայելյան