Նորոգումից հետո տանիքը սկսել է կաթել

Spread the love
Նորոգումից հետո տանիքը սկսել է կաթել

«Ունքը սարքելու տեղ աչքը հանեցին». հայտնի ասացվածքն է հիշում տիկին Զոյան տանիքի մասին խոսելիս: «Չէր կաթում, նորոգեցին թե չէ,սկսեց կաթել»,- ասում է:5 տարի առաջ Կապանի Մ.Հարությունյան թաղամասի 12 շենքի բնակիչները ուրախացան. հայտնվել են երջանիկների ցուցակում,վերջապես գլխավերևում ապահով ծածկ կունենան.տանիքը նորոգվեց:
9-րդ հարկում բնակվողները չեն կարողանում լուծել հանելուկը : Դույլեր չկան, անցքերը՝ փակ,առաջին հայացքից՝ կատարյալ վիճակ: Սակայն փաստն այն է ,որ բնակիչների համար սեփական անկյունում ապրելը անհնար է դարձել: Չորս հարևաններով չգիտեն՝ ում դուռը բախել: Անընդհատ կաթոց, խոնավություն ու գարշահոտություն:Բոլորի բնակարաններում լոգարանների առաստաղները ծայրահեղ վատ վիճակում են:Պանելներում կուտակվող ջուրը սկսել է սենյակներ ու միջանցք տարածվել: Փորձել են նորոգել,հետո հասկացել են.ծախսած գումարը բառի բուն իմաստով ջուրն են գցել:

9-րդ հարկից խոնավությունը ներքևի հարկն է հասնում ,իսկ միջանցքում քարերը սկսել են պոկվել : Անգամ բույն դրած մեղուներն են լքել կացարանը: Ո՞րն է նորոգված տանիքից անձրևաջրերի կաթելու պատճառը: Ամեն անգամ տանիք են բարձրանում հարևաններով ու փորձում պատասխանը գտնել՝սելավատարներ, անորակ աշխատանք թե՞ հարևանի փակ պահոց:
Քաղաքապետարանում բնակիչներից ստացվող դիմումները հաշվառվում են, ֆինանսների առկայության դեպքում առաջնահերթությունը տրվում է առավել ծայրահեղ վիճակում գտնվողներին: Մարզպետարանի քաղաքաշինության բաժնից տեղեկացանք.տարբեր թաղամասերում շենքերի տանիքները ուսումնասիրվում են: Դեռևս հրատապ ծրագիրը չի հաստատվել, ֆինանսերի առկայության դեպքում նորոգման աշխատանքները կսկսվեն:
Հերմինե Միքայելյան