«Դաշնամուրին մոտենալուց առաջ մատները սպիրտով են մաքրում»…

Spread the love

"Դաշնամուրին մոտենալուց առաջ մատները սպիրտով են մաքրում"...

Կապանի արվեստի մանկական դպրոցում հուսով են ՝խորհրդային ժամանակաշրջանն ու պատերազմ հիշեցնող այս պատերը այսուհետ հիշողություններ կդառնան: Վառարանի ծխով պարուրված դահլիճում,որը 72 երեխայի համար և հանդերձարան, և պարի դասասենյակ է , ուրախալի լուր հնչեց. շենքը կհիմնանորոգվի: Անգամ խոսվեց երրորդ հարկ ավելացնելու մասին,որտեղ էլ նախատեսվում է դահլիճ կառուցել :

Տարածքային զարգացման հիմնադրամի՝նախկին սոցհիմնադրամի ներկայացուցչի ասածները մանկավարժներին հրաշք են թվում:
» Բոլորովին նոր շենք կունենաք:Տանիք,պատերի ձևափոխում, սանհանգույցներ, ջեռուցման համակարգ: Նախնական մոտ 80մլն դրամ ներդրում կպահանջվի»,-նշեց «Տարածքային զարգացման հիմնադրամի» համայնքային իրազեկման և խթանման մասնագետ Վահե Ոսկանյանը:
Այս ամենը լսելուց հետո ներկաների դեմքին ժպիտ երևաց: Չնայած դեռ շարունակում են չհավատալ: Խորհրդային տարիներին առաջինը կառուցված մանկական արվեստի դպրոցի հերթը հասավ: Վերջապես այս անգամ առաջնահերթությունը իրենց կրթօջախին տրվեց:
Դպրոցի հարցը ընդգրկվել էր մարզի զարգացման քառամյա ծրագրում: Նախնական ներդրման 10 տոկոսը՝8մլն դրամը,համայնքին բաժին կընկնի:

Մոտ 160 երեխա է այս տարի հաճախում արվեստի մանկական դպրոց : Լարային,փողային ,ժողգործիքների, պարային ու կերպարվեստի բաժիններին ավելացել է նաև թատերարվեստինը: Բաժնի դասատու, Կապանի պետթատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանի խոսքով ուսուցիչները վառարն են վառում, դաշնամուրին մոտենալուց առաջ մատները սպիրտով մաքրում,որ գործիքը չփչացնեն: Բայց պատշաճ կերպով կատարում են իրենց գործը: «Կրթօջախի հիմնանորոգումից հետո երեխաների հոսքը կավելանա»,-վստահ են մանկավարժները: «Ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվող շենքի ներսում երկար հնարավոր չէ մնալ, շտապում ես հեռանալ»,-ընդգծում են ծնողները:

Հիմնանորոգման լուրից ոգևորված մանկավարժները բարձրացրին նաև գույքի հարցը: «Իսկ սա արդեն ժամանակը ցույց կտա»,-ընգծեցին հյուրերը: Եթե ամեն ինչ բնականոն հունով ընթանա, մինչև տարեվերջ շենքը ավարտուն տեսք կստանա:
Հերմինե Միքայելյան