Սոսի արտագաղթի պատճառը՝ համայնքի ղեկավարի պարզաբանմամբ

Spread the love
Սոսի արտագաղթի պատճառը՝ համայնքի ղեկավարի պարզաբանմամբ

Սոս գյուղը Մարտունու շրջանի խոշոր գյուղերից է, վերջին տարիներին սակայն երիտասարդները սկսեցին գյուղից հեռանալ: Եղել են նույնիսկ դեպքեր, որ ընտանիքներով են լքել գյուղը։ Սոսում արտագաղթի մասին ցավով են նշում, քանի որ գյուղը հիմնականում լքում են երիտասարդները։ Ի՞նչ է պատճառը եւ ինչո՞ւ են երիտասարդները նախընտրում դրսում ապրել։ Այս եւ մյուս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Սոսի համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանից։

-Պարոն Գրիգորյան, ի՞նչն է պատճառը, որ սոսեցիները հեռանում են գյուղից։

Սոսի արտագաղթի պատճառը՝ համայնքի ղեկավարի պարզաբանմամբ

-Մարդիկ ցանկանում են լավ ապրել։ Այնպես չի, որ այստեղ ապրել հնարավոր չի, ուղղակի, ձգտում են ավելի բարեկեցիկ կյանքով ապրել։ Բնակիչների մի մասն արտագաղթում է, իսկ մի մասը գնում է արտագնա աշխատանքի՝ 3-4 ամսով։ Նրանց մի մասը մեկնում է Ռոստովի մարզ, որտեղ սոսեցիներ ապրում էին դեռեւս Խորհրդային տարիներից, իսկ արցախյան պատերազմից հետո նրանց թիվն ավելացավ։ Ներկայումս այդտեղ կա մի գյուղ, որտեղ ապրում է մոտ 90 ընտանիք, հիմնականում՝ սոսեցիներ։ Այն անվանում ենք Ռոստովի Սոս։ Այդտեղ մեկնածները էլ չեն վերադառնում, աշխատանքի են տեղավորվում, ամուսնանում, գրանցում ստանում ու բնակություն հաստատում։ Մի մասն էլ մեկնում է Մոսկվա՝ արտագնա աշխատանքի. այնտեղ մեր համագյուղացիներից մեկը լավ աշխատավարձ է տրամադրում մեր գյուղից մեկնածներին՝ ամսական 1500 ԱՄՆ դոլար։ Մարդիկ 3-4 ամսով մեկնում են այնտեղ։ Մարդ կա, որ վարկ ունի մարելու, մարդ կա՝ տունն է կիսակառույց, դա սոսեցիների համար գումար վաստակելու լավ հնարավորություն է ։

-Բնակչության ո՞ր տարիքային խումբն է հիմնականում հեռանում գյուղից։

-Հիմնականում հեռանում են երիտասարդները։ Բանակից զորակոչվելուց հետո 1 կամ 2 տարի աշխատանք չլինելու պատճառով ստիպված հեռանում են։

-Պարոն Գրիգորյան, գյուղից հեռացել են նաեւ ընտանիքներով, ի՞նչ կասեք այդ մասին, հիմա՞ էլ են հեռանում։

-Այո, եղել են նման դեպքեր, բայց այլեւս ընտանիքներով չեն հեռանում։ Բացի դրանից լինում են դեպքեր, երբ նորից վերադառնում են։ Օրինակ այս տարի 2 ընտանիք վերադարձել է։

-Վերջին 3 տարում ինչքան մարդ է հեռացել գյուղից՞։

-Մոտ 15 երիտասարդ եւ 4 ընտանիք է հեռացել գյուղից։ Հուսով եմ, որ մի օր բոլոր հեռացածները կվարադառնան Սոս։

Զրուցեց Հակոբ Ավանեսյանը

karabakh-open.info