Կապանցի մարմնամարզուհիները ամփոփեցին ուսումնական տարին

Spread the love
Կապանցի մարմնամարզուհիները ամփոփեցին ուսումնական տարին

Երաժշտության ուղեկցությամբ ու ծափողջյուններով եզրափակեց ուսումնական տարին Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպորցը : Երեք տասնյակից ավելի սանուհիները համայնքի ղեկավարի, ծնողների ու հյուրերի համար տարբեր ելույթներ էին պատրաստել:

Այն, ինչի հասել են վերջին տարիներին ու ինչի դեռ ձգտում են , մի քանի րոպեի ընթացքում մարզուհիները փորձեցին ներկաներին ցուցադրել: Իսկ 4,5 տարեկան աղջնակների համար տարեվերջյան ելույթները կարելի է ասել առաջին մեծ քայլերն էին գեղարվեստական մարմնամարզության ոլորտում: Ոչ միայն ցուցադրեցի, նաև մրցեցին իրար հետ: Ստուգողական մրցույթի հաղթողների անունները տեղում պարզ դարձան: Կրթօջախի կողմից նրանց հանձնվեցին մեդալներ, պատվոգրեր ու նվերներ:

Մարզպետի ու քաղաքապետի աջակցությամբ տարվա ընթացքում մի քանի անգամ մարմնամարզիկները մասնակցել են տարաբնույթ մրցումների՝հանրապտեկան, միջազգային: Մի քանիսում սպասելիքները արդարացել են,իսկ որոշ դեպքերում ավելի շատ աշխատելու մտածելու տեղիք տվել:
Սաները վերջերս են վերադարձել Գյումրիից: Գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցույթում կապանցիները կարողացել են նվաճել 6 մրցանակային տեղեր՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ:

Կապանում գեղարվեստական մարմնամարզության հիմնադիր և երկարամյա փորձառու մարզիչ Օլգա Դունաևսկայան շատ է կարևորում երեխաների մրցումներին մասնկացությունը՝ հատկապես դրսում: «Դրդում է առավել մասնագիտանալ ու խստապահանջ դատավորների ներկայությամբ չխառնվել: Բացի այդ փոփոխություններին մարզիչները ծանոթանում են հանդիպումների և սեմինարների ընթացքում»,-ասում է նա:

Գյումրիում հաղթանակած մարզուհիներին շնորհավորեց Կապանի քաղաքապետը:

Կրթօջախի ցավոտ խնդիրներից շարունակում են մնալ շենքային պայամանները և ջեռուցման բացակայությունը:

Հերմինե Միքայելյան