Օձը Վաչագանի գետեզրին

Spread the love
Օձը Վաչագանի գետեզրին

Վերջին օրերի ջերմաստիճանի բարձրացումը մարզկենտրոնի բնակիչներին ստիպում է առավել զգոն ու զգույշ լինել: Քանի որ ոչ ոք թունավոր օձերի խայթոցներից ապահովագրված չէ:Կապանցիներից շատերն են վերջերս նկատել, թե ինչպես Վաչագանի գետեզրին կամ շրջակայքում օձերը զով հատվածներ փնտրում շոգից պաշտպանվելու համար:
Խմբագրություն զանգահարած բնակիչներից մեկը առավոտյան նման տեսարանի ականատեսն էր:

Սև ու բարակ օձի ձագերից մեկը Վաչագանի ափեզրին աճած թզենու վրա որոշել էր հանգիստը վայելել,երբ մեր նկարահանող խումբը տեղ հասավ:
Րոպեներ անց այն անհետացավ. երևի թե պատճառը աղմուկն էր:
Կապանի ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում վերջին ամսիներին օձի կծածի 2 դեպք է արձանագրվել:
«Մեկը Շղարշիկից էր,մյուսը Սյունիքից: Առաջին դեպքը երկրորդի համեմատ ավելի ծանր էր: Ինչքան էլ մեր ժողովրդին ասում ես չի կարելի ժգուտ դնել, տղից շարժվել,մեկա շարունակում են այդպես անել: Օձը կծելուց անմիջապես հետո ժգուտով 2 տեղից կապել էր ու մոտ 1կմ հատված վազել՝ շտապ օգնությանը ընդառաջ:Բերեցին, ընթացքը մի քիչ ծանր էր, բայց նորմալ էր հետո»,-ասում է վնասվածքաբան Ասատուր Ասատրյանը:

3 տեսակի օձերի՝ գյուրզա, էֆ և կոբրա, կծածների համար նախատեսված հակաթույնը՝ պոլիվալենտ շիճուկը, ցանկալի է ներարկել խայթոցից ամենաուշը 40 րոպե հետո: Չնայած լինում են դեպքեր,որ ինչ-ինչ պատճառներով մարդուն օգնություն է ցուցաբերվում ժամեր անց:
Այնուամենայնիվ, հնարավոր է եղել տուժածի կյանքը փրկել:
Ասատուր Ասատրյանը ևս մեկ անգամ հորդորում է նման իրավիճակներում խուճապի չմատնվել:
«Եթե հնարավորություն կա արտածծել,շպրիցի առաջային հատվածը կտրվում և մխոցի դեր է տանում և կծածի տեղից թույնը հանվում է: Ժգուտով չկապել և չտեղաշրժվել, սառը դնել և սպասել շտապ օգնության ժամանելուն»,-ասում է բժիշկը:

Ճիշտ է, ամառը դեռ չի ավարտվել, բայց որ օձի խայթոցի դեպքերը հաճախակի չեն հանդիպվում, ուրախալի է: ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում նման հիվանդներ այս պահին չեն բուժվում:
Գուցե մարդիկ առավել զգույշ են: Միևնույն ժամանակ ճիշտ չէր լինի ենթադրել ,թե սողունների ակտիվությունն է պակասել: Միայն նախորդ ամսվա ընթացքում Կապանի տարբեր թաղամասերում ,անգամ շենքերում բնակիչներին մի քանի անգամ վիճակվել է մոտիկից հանդիպել սողունին. Երբեմն էլ մթերային խանութներից մեկի սառնարանի հետևում թաքնվելիս է սողունը հայտնաբերվել:
Այս տարվա հունիսին մարզային փրկարարական վարչություն օձի հայտնաբերման 7 ահազանգ է ստացվել,որից 6-ը Կապանում և մեկը Գորիսում:
Իսկ հուլիսի 15-ի դրությամբ կանչերը 6 են,որից 3-ը Կապանում և մեկական Սիսիանում,Գորիսում և Մեղրիում: Ի տարբերություն նախորդ տարվա օձի հայտնաբերման կանչերը փոքր-ինչ ավելացել են:

Հերմինե Միքայելյան