Ծով համբերություն է պետք աղբի այս ծովը վերացնելու համար

Spread the love

Ծով համբերություն է պետք աղբի այս ծովը «չորացնելու» համար։ Բնությունն ու ծառերը գլխահակ՝ ամաչում են այն մարդկանց փոխարեն, ովքեր ժամեր կամ օրեր առաջ իրենց հանգիստն էին վայելում նրանց գրկում։ Սա նման է օրինակ այն պատկերին, որ տատիկի գրկում նստած վայելես նրա տված մրգերն ու կոնֆետները, հետո կեղևներն ու թղթերը թափես գոգին ու հեռանաս, տատիկը անկասկած կտխրի։ Բնությունն էլ, մեծ մայր է, և փաստորեն այսչափ անարգվում է մայրապաշտ մեր քաղաքացիների կողմից։

Ծով համբերություն է պետք աղբի այս ծովը վերացնելու համար«Ամեն տարի ամբողջ բրիգադով մաքրում ենք Վահանավանքը, ամիսը երկու- երեք անգամ, բայց շատ կեղտոտ են պահում, մեր բնակիչները դեռ չեն սովորել , որ բնությունը ոսկի է։ Ես կոչ եմ անում, որ ովքեր մտնում են այս տարածք, լինեն տեղացիներ, թե հյուրեր, մաքուր պահեն, որ օտարներն էլ մեր վանք այցելելիս հիանան»,-ասում է Կոմունալ ծառայության աշխղեկ Համլետ Հայրապետյանը։

Ծով համբերություն է պետք աղբի այս ծովը վերացնելու համարԱղբի այս կույտն ամբողջությամբ հանվել է մեր քաղաքի պատմամշակութային ամենագեղեցիկ հուշարձաններից մեկի՝ Վահանավանքի տարածքից, հանգստյան վայրի մոտակա ձորում դեռ այնքան այսպիսի կույտեր կան։ Կոմունալ ծառայության աշխղեկը հիշում է, անցյալ տարի միայն 38 պարկ շիշ են հավաքել։

«Էս ինչքան աղբ, որ տեսնում եք, ամեն անգամ էսքան հավաքում են, գրեթե մի մեքենա աղբ ենք հավաքում ձորերից, որտեղ որ իրենք նստում են իրենց հանգիստն անցկացնում, հոգնում են բերեն լցնեն աղբարկղերը, թափում են ձորը։ Իսկ մենք աղբարկղերը շաբաթը 2 անգամ դատարկում ենք։ Սրբավայրը կեղտոտ են պահում»,-ասում է աշխղեկը։

Եկեղեցում մոմ վառելուց , բացօթյա կերուխումից ու անուշ հանգստից հետո անտառի հյուրերը մոռանում են, որ այդ գեղեցկությունը միայն իրենցը չէ, հեռանում են՝ ետևում թողնելով անտարբերության ու անարգանքի հետքերը։