Կարիերայի պլանավորման և զարգացման կենտրոնը կրկին բացեց դռները կապանցի դպրոցականների առաջ

Spread the love

Կարիերայի պլանավորման և զարգացման կենտրոնը կրկին բացեց դռները կապանցի դպրոցականների առաջԱրդեն 3 տարի է Կապանի «Ծիածան» Աառաջնորդների կրթական կենտրոն Հկ-ն ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացնում է Կարիերայի պլանավորման և զարգացման ծրագիրը։ Տարեցտարի դիմողների թիվը շատանում է, ինչը ըստ կենտրոնի համակարգողի, նշանակում է, որ քաղաքի աշակերտական լսարանը բավականին տեղեկացված է։ Այս տարի ծրագրին մասնակցելու համար դիմել են 180 աշակերտներ, որոնցից թեստավորման արդյունքում կենտրոն են ընդունվել 62-ը։ Կենտրոնի շարունակական աշխատանքները օժանդակություն են ոչ միայն աշակերտներին՝ այլև կառավարությանը։

«Մենք շատ ուրախ ենք հայտարարելու, որ ձեռք ենք բերել բազմաթիվ գործընկերներ։ Դրանցից մեկը Սոցապ նախարարությունն է, որն ունի մասնագիտական կողմնորոշման կնետրոն և մենք նրանց հետ ստորագրել ենք համագործակցության պայմանագիր, այս տարի նրանք ոչ միայն մեր աշակերտների հետ կաշխատեն, այլ նաև կաջակցեն ուսուցիչների որակավորման հարցում։ Այդ որակավորման դասընթացները նույնպես անցկացվելու են մեր կենտրոնում։ Ստացվում է յուրօրինակ շրջան՝ մասնագետների պատրաստում, աշակերտների պատրաստում և հետագա եռաստիճան աշխատանք մեր կենտրոնում»,-նշում է Ծիածան ԱԿԿ ՀԿ նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը։

Կարիերայի պլանավորման և զարգացման կենտրոնում աշակերտները կսովորեն գիտակցված մասնագիտական ընտրություն կատարել։ Նախնական հարցումների միջոցով կենտրոնի փորձագետները պարզել են, որ շուրջ 4000 մասնագիտություններից դպրոցականները միևնույնն է ընտրում են 4-5 ոլորտ՝ որոնք մեր օրերում տարածված են՝ առանց պատկերացնելու հետագա անելիքները։

Կարիերայի պլանավորման և զարգացման կենտրոնը կրկին բացեց դռները կապանցի դպրոցականների առաջ«Երեխան հաճախ ընտրում է մասնագիտություն, չհասկանալով դա իր անձնային որակներին համապատասխանում է, թե ոչ։ Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր բուհ-ն ավարտելուց հետո իրենց մասնագիտությամբ չեն աշխատել։ Նշանակում է ժամանակ է ծախսվել, միջոցներ են ծախսվել, բայց արդյունք չկա»,-ասում է Սուսաննա Մարտիրոսյանը։

Կենտրոնի բացմանը հրավիրված նախորդ տարիների մասնակիցները ողջույնի խոսքից բացի նաև իրենց խորհուրդը տվեցին մասնակիցներին։ Վերջիններիս ողջունեց նաև Վորլդ Վիժն Հայաստանի Սյունիքի երիտասարդական ծրագրերի համակարգող Լուսինե Սարուխանյանը, ով կենտրոնի հետ համագործակցում է «Ծիածան» IMPACT ակումբի շրջանակներում։

Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի տնտեսական-բնապահպանական ծրագրերի օգնական Կարեն Արզումանյանի խոսքով, կարևոր է , որ երեխաներն այստեղ ստացած գիտելիքներին լուրջ վերաբերվեն և ապագայում դրանք անպայման պետք լինեն։

«Կենտրոնի աշխատանքներն իրականացվում են Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացման ծրագրի շրջանակներում։ Ինչ է դա նշանակում. Մենք երեխաներին պետք է տրամադրենք համակարգված տեղեկատվություն ոչ հանքարդյունաբերական ոլորտի մասնագիտությունների մասին։ Նախատեսում ենք նաև կազմակերպել շրջայց դեպի մայրաքաղաք, Ազգային Ժողով, Կառավարություն, դեսպանություններ, միջազգային կազմակերպություններ, որ երեխաները տեսնեն, թե ինչ մասնագիտություններ կան և ինքնուրույն կարողանան ընտրություն կատարել»,-նշում է վերջինս։

Կարիերայի կենտրոնում աշակերտները 6 ամիս նոր գիտելիքներ ձեռք կբերեն, կմասնակցեն սեմինար-դասախոսությունների, կհանդիպեն տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ինչից հետո կստանան միջազգային ճանաչման հավստագրեր, որոնք պարզապես անցաթուղթ են եվրոպական լուրջ ծրագրերին մասնակցելու համար։