Գայլերի մորթիների հավաքագրումը սկսված է

Spread the love

Գայլերի մորթիների հավաքագրումը սկսված էԿառավարության թիվ 431-Ն որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը նպատակ ունի գայլերի թվաքանակի կարգավորմանն ուղղված միջոցառումներ իրականացնել։ Հանձնաժողովը մայիսի 7-ից Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում սկսել է գայլերի մորթիների ընդունումը: Կառավարությունը ամեն մորթու համար 124 հազար դրամ պարգևավճար է սահմանել։ Մորթիների հանձնմանը մասնակցում են նաև սյունեցի որսորդները։

Սինք- «Մեր Կապանից վերջերս տարան իրենց կարծիքով 4 հատ սպանված գայլի մորթի, սակայն ընդունվեց 1-ը, իսկ 3-ը հետ տվեցին, քանի որ հանձնաժողովը որոշեց, որ այն 3-ը շնագայլերի մորթիներ են։ Որպեսզի այդպիսի փաստի առաջ մեր բնակիչներն ու որսորդները չկանգնեն, խորհուրդ եմ տալիս բերեն ներկայացնեն մեզ, մենք կօգնենք, կգնահատենք մորթին գայլի թե շնագայլի է, և նոր նրանք թող տանեն հանձնեն և իրենց գումարը ստանան»,-ասում է Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը։

Բազմափորձ որսորդ Սարմեն Զախարյանն արդեն 8 կամ 9 գայլ է սպանել, համապատասխան թույլտվությունները հաստատող փաստաթղթերը ցույց տալով բացատրում է, որ թեև որսաշրջանը չի սկսվել, այնուամենայնիվ գայլերին վնասազերծել կարելի է ցանկացած ժամանակահատվածում։ Իսկ մորթիների հանձնմանը մասնակցում է նույնպես միայն սահմանված կարգի համաձայն։

« Կարգն է, խփելուց հետո պետք է ներկայացնենք տեսչության պետին, նա որպես մասնագետ տարբերում է «շակալ» է, թե գայլ, նայելուց հետո նոր տվյալ գայլը կարելի է տեղափոխել և հանձնել։ Բոլորն արվում է սահմանված կարգով , թույլատրության տոմսով, միայն արգելվում է հատուկ պահպանվող տարածքներում և արգելանոցներում »,-ասում է որսորդը։

Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետը հաստատում է որսորդի խոսքերը, գայլերի սպանդը կապ չունի որսաշրջանի հետ, նրանք շատ են մեր տարածաշրջանում և տեսակը կորցնելու վտանգ այսօր չունենք։

«Գայլերի մորթիների ընդունումը սկսված է, բայց դա չի նշանակում , որ որսաշրջանն էլ է սկսված։ Օգոստոսի վերջին է որսաշրջանը բացվում, բայց երբ գայլը սպառնում է վնասել ընտանի կենդանիներին կամ մարդկանց, կա թույլտվություն ցանկացած զենքով կամ գործիքով նրան վնասազերծելու»,-նշում է տարածքային բաժնի պետը ։

Ինչևէ, գայլերը թեև անտառի սանիտարներն են, բայց երբեք ուտելու հնարավորությունը բաց չեն թողնում ։ Գիշատիչները երբեմն չեն խնայում անգամ իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերներին։ Դե իսկ տարածաշրջանի ոչխարների հանդեպ նրանց ախորժակն անասելի մեծ է։