Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը խթանող դասընթաց Կապանում
«Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին » վերջերս ընդունված ՀՀ օրենքի փոփոխությունները, շրջակա միջավայրի գնահատման գործընթացներն ու գումարային հավաքական ազդեցության գնահատման գործընթացները ոլորտի պատասխանատուների, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀԿ անդամների ուշադրությանը ներկայացնելու համար մարզկենտրոնում դասընթաց հանդիպում էր կազմակերպվել։
«Կան զգալի փոփոխություններ, որոնց իմացությունը կարևոր է և հանքարդյունաբերական կազմակերպությունների համար, քանի որ նրանք են դիմում շրջակա միջավայրի ազդեցության փաստաթղթեր ստանալու համար և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք պետք է իրենց դերն իմանան ու կարողանան պահանջատեր հանդես գալ այդ փաստաթղթերի և շրջակա միջավայրի կոմպոնենտի մասով և ՀԿ-ները, որպեսզի կարողանան վերահսկել այդ ամբողջ գործընթացը։ Խիստ կարևորում ենք այս դասընթացը»,-ասում է բնապահպան Էրիկ Գրիգորյանը։
Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը ; Սա Բնապահպանության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից և միջազգային փորձագետի օգնությամբ հանրությանը մանրամասն ներկայացվում են գնահատման մեխանիզմները։
«Միջազգային փորձագետի միջոցով իրականացնում ենք դասընթացներ , որոնց ավարտին մասնակիցները ավելի լավ տեղեկացված կլինեն մասնավորապես հանքարդյունաբերության գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցություններին, որը չի սահմանափակվում միայն բնության վրա ազդեցությամբ նաև սոցիալ-տնտեսական և այլ հարցեր են դիտարկվում»։
Այս թեմայով նախատեսված է իրականացնել երեք դասընթաց Հայաստանի հյուսիսում, հարավում և մայրաքաղաքում։