Ե՞րբ է բարեկարգվելու ճանապարհը
Չկա մի վարորդ, որ Կապանի Ձորք թաղամաս տանող ճանապարհն առանց նյարդայնանալու անցնի։ Վարորդներն արդեն դժվարությամբ են մտաբերում, թե երբվանից է ճանապարհն այս վիճակում։ Թաղամասի մեքենաներն ամեն անգամ անցնելիս վնասվում են, վարորդներն էլ ճարահատյալ լարում են ուժերը, որ խուսափեն խոշոր դարուփոսերի ճիրաններում հայտնվելուց։
Խորդուբորդ ճանապարհից խուսափում են նաև տաքսու վարորդները։ Նրանցից շատերը պարզապես հրաժարվում են այս ճանապարհով բարձրանալուց։ Դե իսկ անձրևոտ օրերին երթևեկությունն առավել լարված է դառնում, փոսերը վերածվում են լճակների, իսկ թաղամասին անծանոթ վարորդները, ի տարբերություն ամեն քարի տեղը հիշողների՝ ծուղակն են ընկնում։
Կապանի քաղաքապետարանից հայտնեցին, որ այս և մի շարք այլ փողոցների բարեկարգումը ևս ընդգրկված է այս տարվա հրատապ լուծում պահանջող խնդիրների իրականացման ծրագրում, կառավարության պահուստային ֆոնդից ֆինանսավորումը ստանալուն պես նորոգման աշխատանքները կսկսվեն։