«Զանգակ»հրատարակչության գլխավոր տնօրենը Կապանում էր

Spread the love
"Զանգակ"հրատարակչության գլխավոր տնօրենը Կապանում էր

«Ո՞վ կարող է հիմնավորել՝ ինչու է 4-ին գումարած 3-ը հավասար յոթի». այս և նմանատիպ հարցերով «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրենը փորձում էր կապանցի դպրոցականներին օգնել մտածել ու կենտրոնացնել ուշադրությունը: 1-4 դասարանների մաթեմատիկայի դասագրքերի հեղինակ Սոկրատ Մկրտչյանը Կապան էր այցելել և տեղում փորձում էր երեխաների հետ լուծել իր գրքի խնդիրները:
Հանդիպման վայրը թիվ 7 հիմնական դպրոցն էր:
3-րդ դասարանցիների հետ բաց դասն անցկացնելուց հետո Սոկրատ Մկրտչյանը անցավ 4-րդներին: Երեխաները լսում ու կատարում էին նրա հրահանգը ,իսկ ցրվածների ուշադրությունը մաթեմատիկայի մասնագետը փորձում էր հատուկ մոտեցմամբ գրատախտակին հրավիրել ու ստանալ ճիշտ պատասխան: «Դասապրոցեսին պետք է մասնակցեն բոլորը»,-կոչ արեց նա ներկա գտնվող ուսուցիչներին: Միևնույն ժամանակ սեփական փորձով օրինակ ծառայում ,թե ինչպես կարելի է մաթեմատիկա դասավանդելուն զուգահեռ զարգացնել վերառարկայական հատկությունները::
«Մարզի երեխաները տրամաբանելու և մտածելու խնդիր չունեն»,-ընգծում է Սոկրատ Մկրտչյանը: Միևնույն ժամանակ ավելացնում՝ վատ հիշողությունը համատարած է ամբողջ աշխարհում:

Աշակերտների հետ դասաժամն ավարտելուց հետո Սոկրատ Մկրտչյանը ուսուցիչների հետ անցկացվող սեմինարի ընթացքում պատասխանեց նրանց հուզող հարցերին:
Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղը նման ձևաչափով սեմինարներ ու հանդիպումներ հաճախակի է կազմակերպում:Այս մեկը բացառություն չէր:
Տեղեկացնենք նաև ,որ Սոկրատ Մկրտչյանի դասագրքերը տպագրվել ու սկսել են կիրառվել 2006թ-ից: Հանրապետության ու Սյունիքի գրեթե բոլոր հանրակրթական դպրոցներում մաթեմատիկան դասավանդվում է նրա գրքով: Այն նաև 4 տարբեր լեզուներով կիրառվում է Կիրգիզիայում:

Հերմինե Միքայելյան