Տնկիները կան,մնում է խնամքը

Spread the love
Տնկիները կան,մնում է խնամքը

Քաղաքապետարանի հայտարարած ապրիլյան շաբաթօրյակն ու ծառատունկը համախմբել էր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներին , երիտասարդներին: Երկու օր քաղաքի տարբեր հատվածներում ակտիվություն ու թարմություն էր նկատվում: Աշխատանքային օր հայտարարված ապրիլի 18-ի առավոտյան օդանավակայանի տարածքում մեկնարկեց համաքաղաքային ծառատունկը:
Համապատասխան գործիքներով զինված աշխատող,թե տնօրեն գործի էին անցել: Այսչափ ակտիվ մասնակցություն չէր սպասում անգամ քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանը:
Նախաձեռնությունը սկսելով Մ2 միջպետական ճանապարհահատվածից՝օդանավակայանի մերձակայքում, ծառատունկի մասնակցիները շարժվեցին դեպի Սյունիք համայնքի «Հին գերեզմաններ» կոչվող վայրը: Որտեղ յուրաքանչյուր հիմնարկ-ձեռնարկություն իր բաժին տնկին էր տեղադրում նախապես արված փոսերում: Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերության աշխատակիցները մոտ չորս տասնյակից ավելին տնկեցին,իսկ առյուծի բաժինը երիատասարդներինն էր:

600-ից ավելի տնկիների մեջ առանձնացան խորհրդանշական 100-ը:Քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամները դրանց վրա կապեցին «Հիշում և պահանջում եմ» կարգախոսով թղթեր :
Ծառատեսկաները,ինչպես որ կարգն է, ընտրվել էին մասնագետի ցուցումով ու խորհրդով: Այս անգամ էլ չհաջողվեց տնկիները հողում տեղադրել առանց բացթողումների: Ծառատեսակների հետագա աճով անհանգստացած Վլադիկ Մարտիրոսյանի աչքից դրանք չվրիպեցին:
«Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն նախագահը ծառատունկը ողջունելուն զուգահեռ մատնանշեց խնամքի անհրաժեշտությունը: Հատկապես առաջիկա 2 տարիներին, այլապես չարչարանքը ջուրը կնկնի:Տնկիները որպես նվեր քաղաքին տրամադրել են «ԶՊՄԿ» ՓԲԸ և «Խուստուփ» ԲՀԿ-ը:
Քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանի խոսքով նոր տնկված լորենիները հետագայում քաղաքի մուտքը ավելի կգեղեցկացնեն.նախկինի պես քաղաք մտնելիս ոչ թե սկզբում գերեզմանները կերևան,այլ սաղարթախիտ կանաչը:

Մի քանի տարի հետո միջպետական մայրուղու ու գերեզմանոցի ճանապարհների եզրերը կանաչով կընդգծված: Մնում է հուսալ,որ այս 600 տնկիները նախկին մատղաշ ծառերի ճակատագրին չեն արժանանա ու վնասատու մարդկանց ձեռքը այս անգամ չի բարձրանա ճյուղը պոկելու:

Հերմինե Միքայելյան