Մեկ դար անց Վարսենիկի աճյունը հանձնվեց հողին հայրենի Առաջաձորում

Spread the love
Մեկ դար անց Վարսենիկի աճյունը հանձնվեց հողին հայրենի Առաջաձորում

Շուրջ մեկ դար Առաջաձորի դամբարան-մատուռում պահպանված գթության քույր, որբախնամ մայր Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի մարմնի մասունքները քրիստոնեական ծիսակարգով հանձնվեցին հայրենի հողին: Նույն այն վայրում,որտեղ ամփոփված են հայտնի ազնվական տոհմի՝ Մելիք-Ստեփանյանների ներկայացուցիչները: Հուղարկավորությանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների, հասարակակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ,համագյուղացիներ:
Մինչ արարողությունը սկսվելը քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ներկաներին տեղեկացրեց,որ հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի աշխատակիցների կողմից գերեզմանը նախապես ստուգվել ու ախտահանվել է:

Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանն ու սարկավագը խնկարկեցին ու ննջեցյալների կարգ մատուցեցին:

Օրհնված առաջին բուռ հողը գերեզմանահորի մեջ լցրեց Վարսենիկի եղբոր թոռը՝Մհեր Մելիք-Ստեփանյանը: Որից հետո արդեն կանայք մատուռից դուրս հրավիրվեցին: Հողհատները գործի անցան:

Թե ո՞վ էր Վարսենիկը, ինչ է արել իր ժողովրդի համար, հավաքվածներին ներկայացրեց Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը:
Անդրկովկասում հայտնի Մելիք-Ստեփանյանների ամբողջական արխիվը ևս այսօր հասել է պատմության թանգարան:
«Քաղաքական,մշակութային գործիչներ, գիտնականներ ,մանկավարժներ ու բժիշկներ տված գերդաստանին ճանաչում էին նաև ռուսական ու պարսկական ամենաբարձր իշխանությունները,-իր խոսքում ընդգծեց թանգարանի տնօրենը: Նրանցից մեկն էլ Վարսենիկն էր»:

Մեկ դար անց Վարսենիկի աճյունը հանձնվեց հողին հայրենի Առաջաձորում

Նույնիսկ գիտակցելով,որ տիֆով վարակվելը անխուսափելի է, նա չէր դադարում կատարել իր սուրբ գործը՝օգնել հայությանը: 1915թ-ի նոյեմբերի 16-ին նա հեռացավ կյանքից՝ թողնելով բարի անուն,իսկ «ապրեցեք երջանիկը» Վարսենիկի վերջին բառերն էին:
Երկրագիտական թանգարանը և պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը Մելիք-Ստեփանյան գերդաստանի ուսումնասիրությունից հետո 2009-ից դիմում են մարզային և քաղաքային իշխանություններին՝խնդրելով հուղարկավորել ազգասեր հայուհի Վարսենիկի մասունքները: Դա հնարավոր եղավ այսօր իրագործել:
Աճյունը հողին հանձնելուց հետո գերեզմանի վրա դրվեցին մեկ դար շարունակ դամբարանում պահպանված ու այժմ արդեն վերականգնված թիթեղյա կապույտ անմոռուկներով պատված պսակները:
Առաջաձորցիները տոհմի ծագման ու Վարսենիկի մասին քաջատեղյակ են,ոմանց էլ բախտ է վիճակվել շփվել նրանց հետ: Դրանցից մեկն էլ 91-ամյա Սերյոժա Շահնազարայնն է:
Հուղարկավորությունից հետո մասնակիցները այցելեցին Սմբատ Բեկի տուն,որտեղ պատին կախված էր Վարսենիկի նկարը,իսկ սեղանին դրված էին նրա իրերը: 19-րդ դարավերջին կառուցված տանը այսօր բնակվում է ազգականներից մեկը:

Հերմինե Միքայելյան