Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սյունիքի միջնակարգ դպրոցում

Spread the love

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սյունիքի միջնակարգ դպրոցում Հայության ճակատին դաջված սև, խոշոր սպին 100 տարի հետո էլ կմնա բոլորի հիշողության մեջ, սա ազգի դաստիարակության հիմքում է, որ տարածվում է կրթօջախից դեպի ընտանիք։ Սյունիքի միջնակարգ դպրոցում Հայոց մեծ եղեռնին նվիրված միջոցառում էր կազմակերպվել։ Մարզային իշխանության ներկայացուցիչներից բացի՝ հրավիրյալների մեջ էր նաև ԴՓՄԿ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, ում ֆինանսավորած բնապահպանական ծրագրի արդյունքներին ծանոթանալուց հետո էլ հյուրերն ուղղվեցին դահլիճ։ Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով.

20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկի մասին խոսեցին աշակերտները։ Փուլ առ փուլ ներկայացրին Երիտթուրքերի հայաթափման ծրագիրն ու մարդկային պատկերացման սահմաններից դուրս գտնվող թուրքական իշխանությունների գազանությունները ։

«Մի՞թե 2 միլիոն անմեղ մարդկանց մորթը, կանանց, երեխաների, ծերերի անմարդկային կտտանքներով տեղահանումը, հարյուրավոր քաղաքների ու գյուղերի ավերումը և նախօրոք որոշված թուրքի բոլոր դժոխային գործողությունները կմնան անպատիժ: Ինչքան էլ նրանք փորձեն թաքցնել մարդկանց զանգվածային սպանություններն ու խոշտանգումները, միևնույն է, նման չարագործության ճիչը երկինք կհասնի»,-ասել է Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Հենրի Մորգենթաուն։

«Ցեղասպանություն» կամ «կոտորած», որ բառերով էլ աշխարհը ճանաչի ոճրագործությունը, միևնույն է , ոչինչ չի փոխվի, սակայն հայի գենոֆոնդում հավերժ կմնա իր նախնյաց արյունոտ հիշողությունը։