Բացակա հանդիսատեսին չեն մեղադրում

Spread the love
Բացակա հանդիսատեսին չեն մեղադրում

Ապրիլը մարզկենտրոնում մեկնարկել է տարաբնույթ միջոցառումներով՝նվիրված ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Հիշում և պահանջում եմ« կարգախոսը արտահայտվեց և արտահայտվում է կտավների,երաժշտության ու ծառատունկի միջոցով: Բացառություն չէր նաև Կապանի Արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում կազմակերպված համերգը: Կապանի քաղաքապետարանի հրավերով մայրաքաղաքից ժամանած միջազգային մրցույթների դափնեկիրներ Արթուր Ադամյանի, Աննա Բակունցի, Տիգրան Բունիաթյանի կատարումները վայելելու էր եկել կապանցի հանդիսատեսը:

«Երգեհոնը ոչ թե զգացմունքների ու կրքերի ,այլ ոգու գործիք է,-ասում է Տիգրան Բունիաթյանը: Եթե երաժիշտը հասավ բավարարվածության գագաթնակետին,ապա մյուս անգամ ավելիին չի ձգտի,-պարզաբանում է երաժիշտը: Այդ դեպքում կդադարես աշխատել ինքդ քեզ վրա»:

Ծրագրում հնչել են Բախի, Կոմիտասի, Եկմալյանի հանրահայտ ստեղծագործություններ ու շարականներ: Դահլիճը լեփլեցուն չէր ,բայց դա չխանգարեց երգեհոնահարներին երաժշտությունը տեղ հասցնելու հարցում: Մինչդեռ ցուրտը և նվագելու անհարմարությունը ,այնուամենայնիվ, իրենց մասին զգալ տվին:
«Հսկայական գործիքը հարստություն է մարզի համար,բայց այն պահել կարծես չի հաջողվում»,-համերգից հետո ընգծեցին հյուրերը: Բացակա հանդիստաեսին էլ չեն մեղադրում :
Դահլիճում մշտապես պետք է կայուն ջերմաստիճան լինի,երգեհոնը ցուրտ չի սիրում. նվազագույնը 20 աստիճան տաքություն: Ինչը չի հաջողվել անել վերջին տարիներին: Պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է: Երաժիշտների խոսքով լավ կլիներ այս հարցը ևս իշախանությունների ուշադրության կենտրոնում լիներ:

Հերմինե Միքայելյան