Պոլիկլինիկաներում կանխարգելիչ բուժզննումը պարտադիր է դարձել

Spread the love

Պոլիկլինիկաներում կանխարգելիչ բուժզննումը պարտադիր է դարձելՀիվանդությունն առավել հեշտ է սկզբնական փուլում կանխարգելել, քան հետագայում բուժել նրա բարդությունները։ Մինչդեռ մարդիկ խուսափում են պրոֆիլակտիկ ստուգումներից այնքան ժամանակ, մինչև որևէ լուրջ խնդրի առաջ չեն կանգնում։ Այս արմատացած մոտեցումը փոխելու համար կառավարությունը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել և սկսել հենց պետական աշխատողներից։

Կապանի բժշկական կենտրոնի Պոլիկլինիկայի թերապևտիկ բաժնի վարիչ Անահիտ Ջհանգիրյանը առհասարակ բոլոր 30-ն անց քաղաքացիներին կոչ է անում չխուսափել սեփական առողջության հետ բարեկամությունից, իսկ քաղծառայողների և պետաշխատողների համար այս տարվա հունվարի 1-ից դա պետական պահանջ է։

Պոլիկլինիկաներում կանխարգելիչ բուժզննումը պարտադիր է դարձել«Այս կանխարգելիչ այցը մտցվել է պարտադիր գրեթե բոլոր տարիքային խմբերի համար։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի, տարվա մեջ մեկ օրը պետք է նվիրի իր առողջությանը։ Նա այցելում է իր ընտանեկան բժշկին և վերջինս կանխարգելիչ այցի սահմաններում կատարում է համապատասխան հետազոտություններ»։

Առաջնային օղակում տրամադրվող ծառայությունների ցանկը մոտ 16 հետազոտություն է ներառում։ 8000 դրամ արժողությամբ հետազոտությունների այս փաթեթից օգտվելուց հետո միայն կակտիվանան սոցփաթեթի մյուս ծառայությունները և քաղաքացիները չեն կարողանա շրջանցել բուժզննումը։

Սոցփաթեթի տարեկան գումարը 132 հազար դրամ է, որից 8000-ը կծառայի կանխարգելիչ բուժզննմանը, 52000 դրամը՝ առողջական փաթեթին, իսկ 72 հազար դրամը պետաշխատողներն ու քաղծառայողները կտրամադրեն իրենց նախընտրած ծառայությունների ձեռքբերմանը սոցփաթեթի շրջանակներում։

Կառավարության այս նախագիծը կգործի 2016 թվականից, իսկ 15-ը համարվում է անցումային շրջան, և արդեն իսկ բուժզննում անցնողները ակտիվացնում են իրենց 16 թվականի սոցփաթեթի մյուս ծառայությունները։ Դպրոցներում գարնանային արձակուրդը հնարավորություն է տվել, որ մանկավարժները մի փոքր էլ իրենց առողջությանը հետևեն, և նրանք առաջինն են , որ ակտիվորեն օգտվում են սոցփաթեթի նոր հնարավորությունից։