Ամբարտակը կփրկի հեղեղումներից

Spread the love

Ամբարտակը կփրկի հեղեղումներիցԳարնան առաջին օրերն իրենց պայծառությամբ ու թարմությամբ ոգեշնչող են, բայց բոլորը չէ, որ այդ թարմությանը զուգահեռ նկատում են «կանաչ» եղանակի վտանգները։ Անձրևները սկսվելուն պես գարնանային հեղեղումները կապահովեն գետերի ջրառատությունը և որպեսզի դրանք իրենց հունից դուրս չգան, Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետը զգոնության կոչ է անում։
«Լեռնային գոտում բավականաչափ ձնածածկույթ կա և վտանգը գարնանային հեղեղումների առկա է։ Մարտ ապրիլ ամիսներին դեռ տեղումներ կլինեն ձյան և անձրևի տեսքով, և հավանականությունը, որ գետերը կվարարեն և վնաս կհասցնեն՝ միշտ պահպանվում է։ Դրա համար, կոչ եմ անում բոլորին, որ բոլոր համայնքապետերն ուշադրություն դարձնեն և գետերի հունը, սելավատարները մաքուր պահեն։ Հեղեղումների հիմնական պատճառն այն է, որ փակվում է գետերի հունը, կամ սելավատարներն են խցանվում և ջուրը դուրս է գալիս, թեքելով իր ճանապարհը, փոխելով իր ընթացքն ու մեծ նյութական վնասներ է հասցնում քաղաքին»,- ասում է Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանը։
Ամբարտակը կփրկի հեղեղումներից
Վարչության պետը հիշեց տարիներ առաջ Վաչագանի հեղեղման դեպքը, այն էական վնասներ էր հասցրել քաղաքին և ջրաբերուկներով լցրել իր երկայնքով ձգվող տներն ու հողամասերը։
«Հիշում եք, 2012թ մայիսի 25-ին, երբ գետը վարարեց և խցանում առաջացրեց այն հատվածում, որտեղ գետի հունը գրեթե փակել էին՝ ցածր կամուրջներ կառուցելով, և ջրաբերուկներով լցվեցին այդ հատվածներն ու ջուրն ամբողջությամբ հոսում էր փողոցներով։ Բարեբախտաբար , մարդկային կորուստներ չունեցանք, բայց միշտ պետք է զգոն լինել, միշտ պետք է մաքուր պահել աղբից,դրանք այն միջոցառումներն են, որ խոշոր ֆինանսական միջոցներ չեն պահանջում։ Իսկ այն հատվածներում, որտեղ լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն,մենք ներկայացնում ենք մարզպետարան, այնտեղից էլ կառավարություն և տարի առ տարի այդ հատվածներում անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են»,-ասում է Արթուր Հարությունյանը։
Ամբարտակը կփրկի հեղեղումներիցԱյսօր այդ վտանգն այնքան էլ սարսափելի չէ. Մինչդեռ ձյան հալոցքաջրերը կսկսեն լեռներից վայրի վազքով դեպի մեզ իջնել, նրանց հոսքին խառնված հսկա քարերի դեմն առնելու համար Վաչագան գետի վրա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ «Նեմալ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցները պատնեշ են կառուցում։ Ուղղահայաց և հորիզոնական պատնեշները կդանդաղեցնեն գետի հոսքը, այն կպահպանի իր հիմնական հունը , ջուրը կթափվի 3 խողովակներով, իսկ վարարելու դեպքում՝ պատնեշի վրայով։ Ձկների մասին ևս հոգ են տարել, վարարումների դեպքում նրանք կլողան հատուկ նախագծված ձկնուղով։
«Հենապատ ենք պատրաստում, ջուրը հանգստանալուա, վարարելու դեպքում քարերը հավաքվելու են այստեղ, քարերի բարձում է կատարվելու և հեռացվի ։ Սա զուտ կատարվում է նրա համար, որ քաղաքին ոչ մի վնաս չգա։ Մենք աշխատանքները նոր ենք սկսել, մի շաբաթա, կատարել ենք դրա մոտ 30 տոկոսը»,- ասում է տեղամասի պետ Արա Խոսրովյանը։Ամբարտակը կփրկի հեղեղումներից
Աշխատանքները հնարավորինս փորձում են արագ կատարել, քանի որ հալոցքաջրերի ակտիվացման վտանգ կա։ Ասում են, առանց այդ էլ խոչընդոտները շատ են, եթե ջրերն էլ փոքր ինչ վարարեն, գործը կդանդաղի։
Հավանաբար մինչև ամսվա վերջ ամբարտակը պատրաստ կլինի և այսուհետ Վաչագան գետի վարարումները 2012 թվականի նախադեպի պես վնասաբեր չեն լինի։

Ամբարտակը կփրկի հեղեղումներից